Մորս երազանքն եմ կատարում. Կարեն Բոկսյանը՝ մենահամերգի, սպասվող անակնկալների մասին


Մորս երազանքն եմ կատարում. Կարեն Բոկսյանը՝ մենահամերգի, սպասվող անակնկալների մասին
Հոկտեմբեր 10 11:09 2017

Հոկտեմբերի 14-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա սիրված երգիչ Կարեն Բոկսյանի մենահամերգը: Ծնունդով գյումրեցի, երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող երգիչը մենահամերգի նախապատրաստական աշխատանքների, համերգի ընթացքում սպասվող անակնկալների մասին առաջինը կիսվել է Armday.am-ի հետ:

Ներկայացնում ենք Կարեն Բոկսյանի հարցազրույցը՝ Armday.am-ին:

Կարեն, սա Ձեր առաջին մենահամերգն է Երեւանո՞ւմ:

Համերգ ունեցել եմ, ելույթ ունեցել եմ երկու տարի առաջ մայրերի գեղեցկության տոնի կապակցությամբ, ֆիլարմոնիայում էր, բայց նման մեծ մասշտաբի համերգ չէր, դիջեյ, պարային խումբ եւ ես: Բայց այս պարագայում սա լինելու է մեծ, կենդանի նվագախմբով, Սոֆի Դեւոյանի պարային խմբով: Սա ես համարում եմ իմ մենահամերգը, որը Երեւանի տոնի օրն է:

Օրը պատահակա՞ն է ընտրված, թե՞ նկատի է առնվել մայրաքաղաք Երեւանի տոնը:

Չէ պատահական է ստացվել:

Ինչո՞ւ որոշեցիք մենահամերգով հանդես գալ Երեւանում:

Այն եղել է ոչ միայն իմ երազանքն ու ցանկությունը, այլ երբ որ ես սկսեցի զբաղվել երգարվեստով, դա իմ մամայի երազանքն էր, ասեց, որ երազում եմ մի օր քեզ Հայաստանում մենահամերգ տալով տեսնել: Կարելի է ասել, ավելի շատ մամայի երազանքն եմ կատարում: Մայրս արդեն Երեւանում է:

Ինչպես ե՞ք պատրաստվում մենահամերգին:

Ես կարծում եմ յուրաքանչյուր հայի համար մեծ պատիվ է ելույթ ունենալ հենց հայրենիքում: Ամեն օր ունենք փորձ նվագախմբի հետ, եւ ինքս էլ միանալու եմ պարային խմբի հետ: Ինձանից այն ինչ պահանջվում է, ես անում եմ, որպեսզի համերգը ճոխ ու տպավորիչ լինի:

Մենահամերգի ընթացքում հնչելո՞ւ են միայն Ձեր երգացանկից երգեր:

Իմ երգերի հեղինակների մեծ մասը ես եմ գրում: Քանի որ իմ երգացանկը բավականին մեծ է, ընտրել ենք առավել հայտնի կատարումները: Լինելու են նոր կատարումներ, սիրված կատարումներ, պրեմերիաներ, որից մեկը Ջիփսի Կինգի տղաներից մեկն է: Նա արդեն գալիս է Երեւան: Այն առաջին անգամ կհնչի Երեւանում: Ես սպասում եմ բոլորին, քանի որ այդ օրը տոնական օր է լինելու: Ես կցանկանամ, որ բարձր տրամադրություն հաղորդեմ իմ հայրենքի բնակիչներին:

Համարում ե՞ք, որ հայ հանդիսատեսը բավականին խստապահանջ է:

Այո, եւ դա ճիշտ է, պետք է խստապահանջ լինի, քանի որ դա արտիստին ավելի շատ է ոգեւորում, ավելի ես պարտավորված զգում հանդիսատեսի համար:

Երգացանկում կա՞ն երգեր, որոնք հատուկ մարդկանց համար են գրվել:

Այո, օրինակ մամայի երգը, որը ես նվիրել եմ մամայի ծննդյան կապակցությամբ, ու այդ օրը հատուկ կերգեմ այդ երգը, որը կնվիրեմ իմ մայրիկին եւ դահլիճում նստած մայրիկներին: Ունեմ իմ ընկերոջը նվիրված երգը, ով ի դեպ Մոսկվայից գալիս է այդ օրը: Ունեմ բազմաթիվ հյուրեր Վրաստանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից:

Քանի տարեկանում ե՞ք Հայաստանից գնացել:

Գնացել եմ տասը տարեկան հասակում, բայց ամեն ինչ հիշում եմ, անգամ 88 –ի ավերիչ երկրաշարժը, ես Գյումրիում եմ ապրել: Երբ գալիս եմ ամեն մի դետալ հիշում եմ, քանի որ Հայաստանում իմ մանկությունն է անցել: Մեծ ցանկություն ունեմ համերգ տալ Գյումրիում եւ այն նվիրել գյումրեցիներին՝ բարեգործական: Դա երեւի արդեն կլինի մյուս տարի, դրանից հետո Արցախում:

Եվ վերջում անձնական կյանքում փոփոխություններ կան:

Դեռ ոչ, ես չե գտել այն անձին ում հետ կքայլեմ առաջ: Բայց երբեք չգիտես.. գուցե հենց համերգասրահում էլ կլինի այդ անձը:

Armday.am