Սերժ Սարգսյանը՝ Դավթյանի և Հովսեփյանի «պատերազմի» մասին


Սերժ Սարգսյանը՝ Դավթյանի և Հովսեփյանի «պատերազմի» մասին
Հոկտեմբեր 9 16:43 2017

Անհասկանալի է, երբ կոնկրետ քրգործով դատախազի ցուցումներն անտեսվում են նեղ գերատեսչական շահերից ելնելով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում նշել է Սերժ Սարգսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ իրավապահ համակարգը պետք է լինի կուռ եւ համագործակցող. «Ուստի, Քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը տեսնում եմ իրավապահ մյուս մարմինների հետ կայուն եւ արդյունավետ համագործակցության մեջ:

Խոսքս նախ եւ առաջ դատախազության հետ համագործակցության մասին է: Ավանդաբար դատախազները եղել եւ մնում են քննիչների առաջնային գործընկերները: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս համագործակցության ձեւից ու բովանդակությունից է կախված մինչդատական վարույթի, իսկ երբեմն՝ նաեւ ողջ քրեական գործի արդյունքը:

Անշուշտ, դատախազության հետ համագործակցության արդյունավետությունը չի նշանակում մասնագիտական հարթությունում տարակարծությունների կամ անհամաձայնությունների բացառում: Օրենքը քննիչին տալիս է սեփական դիրքորոշումը պաշտպանելու մի շարք հնարավորություններ: Քննիչն անգամ կարող է գրավոր առարկել դատախազի ցուցումների եւ որոշումների դեմ, եւ դա շատ լավ է, դրական է: Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տեւական ժամանակով չեն կատարվում: Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով: Ես շատ լավ հասկանում եմ, որ լինում են գործեր, որոնցով դատախազները տալիս են ցուցումներ, որոնք առաջին հայացքից թվում են անտեղի կամ ավելորդ, բայց հավատացեք, իսկ ես վստահ եմ, որ դուք ինձնից ավելի լավ եք դա գիտակցում, քրեական գործով ցանկացած մանրուք, նույնիսկ եթե դա անտեղի է՝ անհրաժեշտ է հաշվի առնել: Այս կառույցների պատշաճ համագործակցության նպատակը միայն կոնկրետ գործերով առաջացող հարցերի պարզաբանումը չէ: Այն առաջին հերթին կարեւոր է պետության համար էական նշանակություն ունեցող եւ իրավապահ ոլորտում միասնական պատասխանատվություն ենթադրող այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են մեղադրանքի ապացուցվածությունը, կալանքների հիմնավորվածությունը, տուժողների իրավունքների ապահովումը եւ այլն»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: