Արցախի ԱԳ նախարարը Քալիֆորնիայի նահանգի պատգամավորների հետ քննարկել է Արցախի ճանաչման հարցը


Արցախի ԱԳ նախարարը Քալիֆորնիայի նահանգի պատգամավորների հետ քննարկել է Արցախի ճանաչման հարցը
Հոկտեմբեր 9 12:56 2017

Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։

Ողջունելով Կալիֆորնիայի խորհրդարանականների այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։

Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին լավ հիմք է ստեղծվել Արցախի և Կալիֆորնիայի միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար և հասունացել է փոխգործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ժամանակը։ Այդ համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին՝ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է խաղաղ գործընթացի առաջ մղման և նրա անշրջելիության ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։