Բա որ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր


Բա որ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր
Հոկտեմբեր 9 15:52 2017

ԱԺ «Ելք» խմբակցությունը պաշոտանապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որտեղ պետք է քննարկվի ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի վարքը, մասնավորապես միջադեպը, երբ Գեղամյանը հարձակվել էր Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, թե էթիկայի կանոնների խախտում է եղել Գեղամյանի կողմից, և խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը պիտի քննարկի ու համապատասխան եզրակացություն տա:
ԵԼՔ Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ընդգծեց, որ նույնիսկ պատգամավորի մանդատից զրկելու հարցը պիտի քննարկվի: «Ես, ի սկզբանե, հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց այդ միջադեպից հետո հաջորդած իրադարձությունները, մասնավորապես երբ ՀՀԿ-ն փորձում է դրա շուրջ հանդուրժողական մթնոլորտ ստեղծել՝ հստակ գնահատականներ չտալով տեղի ունեցածին, ստիպում է արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ քաղաքական պրոցես կա, դա բանավեճի մեջ սիստեմատիկ պարտվողների բարդույթների արտահայտումն է: Իրենք շատ սխալ ճանապարհ են ընտրել, իսկ եթե չեն ընտրել այդ ճանապարհը, այս որոշումը թույլ է տալիս տարանջատվել այդ ճանապարհից»,-հայտարարեց Փաշինյանը: Վերջինս ասաց, որ եթե այս իրողությանը գնահատականներ չտրվեն, պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք, որ ներքաղաքական կյանքում, խորհրդարանից դուրս ու խորհրդարանի դահլիճում կարող են այպիսի նորանոր դրսևորումներ լինել մեծ կամ փոքր մասշտաբներով: Փաշինյանը կրկնեց, որ եթե սա մարտահրավեր է, իսկ «Ելք» դաշինքն ընդունում է այն: Մանե Թանդիլյանը հավելեց, որ այս խորհրդարանը չպիտի դառնա ինչպես նախորդը՝ խնդիրները այդ ձևով լուծելու ավանդույթները պահպանելով: «Էթիկայի հանձնաժողովը պիտի անպայման ստեղծվի, քննվի այս հարցը»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սա քաղաքական հարց է, ու պետք է քաղաքական լուծում ստանա: «Սա հարձակվողի և կարգի հրավիրողի հարաբերություններ են»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի խոսքերին, թե այս միջադեպը մի «ահելի ու ջահելի» հարաբերություններ են, Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Ես գնահատում եմ Աղվան Վարդանյանի գեղարվեստական մտածողությունը, բայց ես կարծում եմ, որ սա ՀՀԿ-ի ու Ելքի, ավելի ճիշտ՝ սա բանավեճում պարտվածի ռևանշի փորձ է, որը չի ստացվել ու չի ստացվելու»:

 Հարցին, թե Սերժ Սարգսյանը տարիներ առաջ Արտաշես Գեղամյանին համեմատում էր դատարկ դհոլի հետ, արդյո՞ք անցնող տարիների ընթացքում ինչ-որ բան փոխվել է, Փաշինյանն ասաց. «ՀՀԿ-ականները խոսում են քաղաքական կոռեկտությունից, բա որ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր, կամ որ հաճախորդ էր անվանում, դա մոդա է՞ր, թե մենք էլ պիտի նրան Սերժիկ Սարգսյան անվանենք, որ կոռեկտ լինի կամ առանց Սարգսյանի»:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ԵԼՔ դաշինքի չմասնակցությանը, խմբակցության պատգամավորները նշեցին, որ իրենք գնահատում են իրենց հնարավորությունները եւ օլիմպիական սկզբունքով չէ, որ մասնակցություն են ունենալու ընտրական գործընթացին: 



loading...