Արցախը հինգերորդն է անկախության համար հակամարտող երկրների ցուցակում. Bloomberg


Արցախը հինգերորդն է անկախության համար հակամարտող երկրների ցուցակում. Bloomberg
Հոկտեմբեր 8 20:09 2017

Ամերիկյան առաջատար պարբերականի` Bloomberg-ի ընտրանու համաձայն, Արցախը համալրել է անկախության համար հակամարտող երկրների հնգյակը: Ցուցակը կազմվել է Ռայան Գրիֆիթսի` 2016 թվականին լույս տեսած  «Մեկուսացման դարաշրջանը. պետությունների ծնունդների միջազգային և ներքին որոշիչները» գրքի հիման վրա:

Ցանկում, մի քանի միլիոն բնակչություն ունեցող երկրների հետ մեկտեղ (Շոտլանդիա, Իրաքյան Քրդստան, Մինդանաո), ներառվել են նաև հետխորհրդային տարածքի հակամարտությունները` Արցախն ու Մերձդնեստրը: Մասնավորապես, Արցախը Գրիֆիթսը բնութագրում է որպես անկլավ, որը զավթել է հայկական բանակը 1991-1994 թվականների պատերազմի ժամանակ, որի արդյունքում 25 000 մարդ է զոհվել, միլիոնավոր մարդիկ էլ փախստական են դարձել: 

Այդուամենայնիվ, «Արցախի գրավում» ձևակերպման հետ մեկտեղ, Bloomberg-ը նշում է նաև, որ ԼՂՀ հայ բնակչության մեծամասնությունը Խորհրդային միության փլուզումից հետո ցանկություն է հայտնել միանալ Հայաստանին, նշելով նաև, որ լարվածության հերթական ալիքը բարձրացավ 2016 թվականի ապրիլին, որը ստացավ «քառօրյա պատերազմ» անվանումը` խլելով հարյուրավոր մարդկանց կյանք ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից, գրում է պարբերականը: