Դրամական փոխանցումների բարձր աճ է գրանցվել, ակնկալիքները կարող են գերազանցվել. ԿԲ


Դրամական փոխանցումների բարձր աճ է գրանցվել, ակնկալիքները կարող են գերազանցվել. ԿԲ
Հոկտեմբեր 6 18:15 2017

Այս տարվա երրորդ եռամսյակում արձանագրվել է դրամական փոխանցումների բարձր աճ (զուտ 16.0%)՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանի տնտեսության դրական զարգացումներով եւ, եթե մինչեւ տարեվերջ այդ միտումները պահպանվեն, հնարավոր է այդ ցուցանիշի մասով ԿԲ ակնկալիքների որոշակի գերազանցում: Այս մասին նշվել է Հայաստանի ԿԲ խորհրդի նիստում:

ԿԲ-ից  հայտնում են, որ խորհրդի նիստում ներկայացվել են նաեւ արտաքին հատվածի զարգացումները, որոնք երրորդ եռամսյակում եւս արտահայտվել են տնտեսական աճի բարելավման միտումների պահպանմամբ:

Ընդ որում, տնտեսական աճի տեմպերը գերազանցել են սպասելիքները հատկապես ԵՄ եւ ՌԴ տնտեսությունների մասով՝ պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնման արագ տեմպերով եւ ցածր գործազրկության մակարդակով:

Մասնավորապես, Եվրամիությունում տնտեսության դրական զարգացումների ներքո դիտվել է եվրոյի արժեւորում, այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ԱՄՆ դոլարը որոշ չափով արժեզրկվել է, ինչն արտահայտվել է հիմնական գործընկեր երկրներից ներմուծվող ապրանքների դոլարային գների աճողական վարքագծում: