Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը


Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը
Հոկտեմբեր 6 17:01 2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը:
Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, կարեւորել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները՝ այդ հարցում ընդգծելով հայկական սփյուռքի ներկայությունը եւ նշանակալի դերը:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ընդլայնվում են ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային, կրթական և տնտեսական հարաբերությունները:
Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ զարգացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է.«Բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի օժանդակությունն անկախ Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծման եւ կայացման գործում: Հայաստանում առաջին վերկանգնողական կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ-ի օժանդակությամբ՝ փոխելով հաշմանդամ երեխաների նկատմամբ մտածելակերպն ու վերաբերմունքը»:
Խոսելով մեր երկրում ընթացող բարեփոխումների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ի տարբերություն որոշ հարեւան պետությունների՝ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի ապակենտրոնացման ճանապարհով:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահը փաստել է.«Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ. հարցը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Մարդն է բարձրագույն արժեքը, եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը կարեւոր են մեզ համար: Քաղաքակիրթ աշխարհում խաղաղությունն այլընտրանք չունի, հետեւաբար ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»:
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սքոթ Ուիլքը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար եւ ներկայացրել պատվիրակության անդամներին, որոնցից շատերը ազգությամբ հայ են:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Քալիֆորնիայի հայկական համայնքի դերին Հայաստանի հետ հարաբերությունների եւ համագործակցության խորացման գործում: