Ժամանակն էնպիսի է, որ էդ ապրանքը թանկանում է


Ժամանակն էնպիսի է, որ էդ ապրանքը թանկանում է
Հոկտեմբեր 6 14:39 2017

«Թանկացումները կապված են երկրի տնտեսական վիճակի հետ, դրանք վատ պրոցես են»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վերջին օրերին որոշ ապրանքների թանկացումներին: «Ես չգիտեմ, թե ինչն է թանկացել, բայց թանկացումը վատ պրոցես է: Դա կապված է մեր երկրի տնտեսական վատ վիճակի հետ, եթե, իհարկե, թանկացումներ կան»,- ասաց Գալուստ Սահակյանը:

«Տնտեսական աճի դեպքում եւ՛ թանկացումներ է լինում, եւ՛ էժանացումներ: Դրա համար ժողովուրդը պետք է երկրի տնտեսական վիճակին ծանոթ լինի, որպեսզի նայի մեխանիզմներին եւ հասկանա, թե ինչու է գնաճ լինում: Եթե արգելված թանկացումներ են, ուրեմն պետք է պատիժներ լինեն: Հիմա, որ ասեմ՝ կլինեն մարդիկ, որ կնեղանան: Գտեք փոքր մարդկանց, թող ասեն, թե գնաճն ինչի հետեւանք է: Ինձ կարգին քաղաքական հարցեր տվեք, թանկացումն այն է, երբ այդ ապրանքից քիչ է գոյացումը կամ մեղմ ասած, այդ ապրանքը էժան չի վաճառվում: Կարողա այդ ապրանքը երկու ամիս հետո լրիվ էժանանա: Թանկացումն ու էժանացումը չի կարելի կապել տնտեսության վիճակի հետ: Ասել, որ մեր երկրի տնտեսությունը քայքայված է, այդպես չէ, թանկացումներ եւ էժանացումներ աշխարհի բոլոր երկրներում էլ լինում է: Ինձ ուրիշ, նորմալ հարցեր տվեք»,- ասաց Սահակյանը: