«Նորագավիթցի Ջոնի» սպանության կասկածանքով ձերբակալվածը քննիչներին հայտնել է, թե որտեղ է թաքցրած «ՏՏ» տիպի ատրճանակը


«Նորագավիթցի Ջոնի» սպանության կասկածանքով ձերբակալվածը քննիչներին հայտնել է, թե որտեղ է թաքցրած «ՏՏ» տիպի ատրճանակը
Հոկտեմբեր 6 12:22 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների կատարած ճիշտ և օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում նախօրեին ձերբակալված Նորագավիթի բնակիչ՝ 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանը քննիչներին մատնացույց է արել այն վայրը, որտեղ նա պահել է ատրճանակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները Գ . Հովհաննիսյանի հետ մեկնելով Արտաշատի խճուղի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի դիմաց՝ այնտեղ տեղադրված տնակի տակ հայտնաբերվել է 1 հատ «ՏՏ» տիպի ատրճանակ՝ իր պահունակով, որի մեջ եղել է 5 փամփուշտ։ Հայտնաբերվածն առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հոկտեմբերի 3-ին հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել էր Երևան քաղաքի Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչ՝ 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանը։ Վերջինս կասկածվում էր հոկտեմբերի 3-ին Նորագավիթի 8-րդ փողոցի թիվ 11 տան դիմաց Ս. Ավագյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։