ՊՆ-ի պահանջով շարունակում է աճել «սև ցուցակը». Այս անգամ Տ. Մարգարյանի ընկերությունն է այնտեղ հայտնվել. «ՀԺ»


ՊՆ-ի  պահանջով շարունակում է աճել «սև ցուցակը». Այս անգամ Տ. Մարգարյանի ընկերությունն է այնտեղ հայտնվել. «ՀԺ»
Հոկտեմբեր 6 09:11 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող «Դանինի» ՍՊԸ-ն 3 տարով հայտնվել է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը ստանալով ՀՀ ֆինանսների նախարարության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի գրությունը եւ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությունը՝ վարույթ է իրականացրել:

Ֆինանսների նախարարությունն էլ իր հերթին ստացել է ՀՀ պաշտպանության նախարարության դիմումը, որով պահանջվել է ուսումնասիրել «Դանինի» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքերը, եւ այդպիսի հիմքերի առկայության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ցանկում ներառելու համար:

«Դանինի» ընկերությունը գնումների բողոքարկման կենտրոնին հայտնել է, որ պաշտպանության նախարարության եւ ընկերության միջեւ կնքվել է ընդհանուր առմամբ ապրանքների գնման 11 պայմանագիր: Մատակարարված ապրանքների գումարը կազմել է 1 միլիարդ 330 միլիոն դրամից ավելի, սակայն ՊՆ-ի կողմից վճարվել է 1 միլիարդ 295 միլիոն դրամ կամ պակաս է վճարել նախնական հաշվարկներով 35 միլիոն դրամ, քանի որ համաձայն պայմանագրի՝ գնորդը պարտավոր էր վճարման ժամկետը խախտելու համար տույժեր վճարել:

2015 թվականի դեկտեմբերից ընկերությունը դիմել է ՊՆ-ին չվճարած գումարները ստանալու պահանջով, սակայն հարցը չի լուծվել: ՊՆ-ն ընկերության կողմից պարտքեր ունենալու պատրվակով 2016 թվականի սկզբին դիմել է ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ, սակայն այն կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Քրեական գործի շրջանակներում ընկերությունը բացատրություն է տվել, որ թերի մատակարարումները կլրացնեն միայն այն դեպքում, երբ ՊՆ-ն պարտքերը կմարի, քանի որ կրեդիտային աննախադեպ պարտքի պատճառով ընկերությունը ֆինանսական ճգնաժամում է հայտնվել:

2016 թվականին ՊՆ-ն միակողմանի լուծարել է պայմանագիրը պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով:

Պաշտպանության նախարարությունը գնումների բողոքարկման խորհրդին 2016 թվականի դեկտեմբերի 9-ին հայտնել է, որ «Դանինի» ՍՊԸ-ի հետ 2013 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրի կետերից մեկով՝ 2016 թվականին պետք է մատակարարվեր մսաբուսական «պահածո ոլոռով, խյուս խոզի մսով» ապրանքատեսակ, սակայն չմատակարարած ապրանքի մասով միակողմանի լուծել է պայմանագիրը եւ դրան կից կնքված համաձայնագիրը:

Գնումների բողոքարկման խորհուրդը ուսումնասիրելով՝ պաշտպանության նախարարության գրությունը եկել է եզրակացության, որ բազմիցս խախտվել է «Դանինի» ՍՊԸ-ի եւ ՊՆ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման ժամկետները:

Նույնիսկ ՊՆ-ն պատվիրատուին տեղեկացրել է, որ չմատակարարված ապրանքներն անհրաժեշտ է մատակարարել սեղմ ժամկետներում, հակառակ դեպքում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ եւ կքննարկվի հետագա համագործակցության նպատակահարմարության հարցը: ՊՆ-ն նաեւ նշել է, որ ընկերության՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկված տուգանքի ընդհանուր գումարի չափը կազմել է ավելի քան 51 միլիոն դրամ, որը գերազանցել է գնումների բազային միավորի տասնապատիկը:

2017 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ գնումների բողոքարկման խորհուրդը «Դանինի» ՍՊԸ-ին 3 տարով ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում:

Դեռ 2013թ. «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ «Դանինի» ընկերության հիմնադիրը Շավարշ Դանիելյանն է, որը «Ավան» ունիվերսամի տնօրեն Աղասի Դանիելյանի ազգականն է, եւ այդ ՍՊԸ հեռախոսահամարներն էլ «Ավան» ունիվերսամի հասցեում են գրանցված, իսկ ունիվերսամը պատկանում է Տարոն Մարգարյանին. նրա հայտարարագրում էլ ունեցած անշարժ գույքի մեջ նշված է նաեւ 820 քմ տարածքով «Ավան» առեւտրի կենտրոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...