«Գեղամյանը մոտեցել է, ասել է` անունս չտաս, Փաշինյանն էլ ասել է, որ սա խորհրդարան է, ում անունը կուզի, կտա…». մանրամասներ՝ միջադեպից


«Գեղամյանը մոտեցել է, ասել է` անունս չտաս, Փաշինյանն էլ ասել է, որ սա խորհրդարան է, ում անունը կուզի, կտա…». մանրամասներ՝ միջադեպից
Հոկտեմբեր 5 14:12 2017

«Ելք» խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի անպայման ԱԺ Կանոնակարգ-օրենքով ընթացակարգերը գործեն, հանձնաժողով ձևավորվի և քննարկվի Արտաշես Գեղամյանի պահվածքը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև ծեծկռտուքը:

Ըստ նրա` դաշինքը, բնականաբար, կանդրադառնա հարցին, բայց դեռ չեն հասցրել քննարկել:

«Պառլամենտը խոսելու վայր է, եթե խոսելու վայրում մարդիկ կորցնում են կամ չունեն փաստարկներ, դիմում են բռունցքների և բռնության, շատ է ասվում` սա նախորդ խորհրդարանը չի, ցիվիլ խորհրդարան է, է, ցիվիլ մարդը որ իրեն տենց է պահում, բայց ոչ ցիվիլների՞ց ինչ ակնկալենք: Ամենածայրահեղ ձևով մենք դատապարտում ենք այս պահվածքը, որովհետև այս օրերը ցույց տվեցին, որ մեր խմբակցությունից 2 պատգամավոր գործուղման մեջ էին, 7 պատգամավորով իրենց 70 հոգանոց ֆրակցիայի բոլոր փաստարկները ջարդուփշուր ենք արել: Էդ ի՞նչ մեծամասնություն է, պետք է իրենք լուրջ մտածեն: Կամ էդ մեծամասնությունը խրախուսում է բռնությունը, չի դատապարտում, կամ ո՞ւմ է ուզում ցույց տա, սա կարևոր հանգամանք է, որ մենք, տեսեք, փաստարկները լավը չէր, բայց բռունցքներով կգործենք: Ռուսաստանի՞ն էին ուզում ցույց տային, իրենց շեֆերի՞ն, ո՞ւմ էին ուզում ծախեին»,- ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, որ Գեղամյանն ասել է, թե չի հարվածել, Է.Մարուքյանը պատասխանեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին է հավատում, ոչ թե Գեղամյանին։ «Մենք գիտենք` ինչ է տեղի ունեցել: Գեղամյանը մոտեցել է, ասել է՝ անունս չտաս, Փաշինյանն էլ ասել է, որ սա խորհրդարան է, ում անունը կուզի, կտա, և Գեղամյանը սկսել է հարվածել: Եթե ՀՀԿ ֆրակցիան չի դատապարտում, նշանակում է՝ խրախուսում է այդ վայրենի, ոչ քաղաքակիրթ, խորհրդարանական վարք ու բարքին ոչ հարիր պահվածքը»: