Կիրառական «պրոդուկտը» վաճառելու պրոբլեմ ունենք. վարչապետ


Կիրառական «պրոդուկտը»  վաճառելու պրոբլեմ ունենք. վարչապետ
Հոկտեմբեր 5 11:42 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության գործիքների զարգացման վերաբերյալ հանձնարարական տվեց:  «Վերջերս կայացած «DigiTecExpo»-ի ընթացքում կրկին արձանագրեցինք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու արտահանման ներուժը», - նշեց  Կարապետյանը: 

Ըստ նրա՝  ՏՏ ոլորտում նոր գաղափարներ, ծրագրային լուծումներ ունեցող, սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն:

«Առկա է նոր շուկաներ մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի ու հմտությունների բարձրացման, և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտությունը», - նշեց նա:

Ապա Կարապետյանը  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլագիաների նախարարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր:

«Մենք այստեղ իրականում մեծ ներուժ ունենք, լավ գաղափարներ ունենք և կիրառական պրոդուկտ սարքել, այն վաճառելու պրոբլեմ ունենք, այստեղ պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենք», - նշեց Կ. Կարապետյանը: