«Թան էլ չէ, փրթած մածուն». թեժ քննարկում՝ ԱԺ-ում


«Թան էլ չէ, փրթած մածուն». թեժ քննարկում՝ ԱԺ-ում
Հոկտեմբեր 5 11:33 2017

ԱԺ-ում  «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» հարցի քննարկման ավարտը թեժ ստացվեց: Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանը մեր ձեռքից մեր իշխանությունն է տանում:

«Շատ պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ ուզում են գլուխ գովալ ասում են` մի մեշոկ ցորեն ունենաս հատիկ-հատիկ ձեռքիցդ կտանեմ, հիմա այս պայմանագրերով ՌԴ-ն մեր ձեռքից մեր ինքնիշխանությունը հատիկ-հատիկ տարել է, մենք էլ նայել ենք, միջազգային ընդունված պրակտիկա ա, նորմալ ա»,- ասաց նա, ապա հավելեց. «Երեկվա քննարկումների արդյունքում ստեղ հայտարարություններ են հնչում, Արտաշես Գեղամյանը կոմունիստական կուսակցության և ազգային միաբանության կուսակցության անդամ..»: Այս խոսքերից հետո վիճաբանություն եղավ Գեղամյանի և Փաշինյանի միջև:

Գեղամյանին դուր չեկավ, որ Փաշինյանը տվեց իր անունը, իսկ Փաշինյանն արձագանքեց. «Րոպես պահեք, ես էսքան զահլա չունեմ», ապա շարունակեց. «Արտաշես Գեղամյանն ասում ա` Արաքսը անցնենք, մտնենք Մուշ, Արդահան, պարոն Գեղամյան, Դուք դրա հետ ի՞նչ գործ ունեք, Դուք խոսեք լենինիզմից, մարքսիզմի մասին, դուք էդ գաղափարների հետ ի՞նչ գործ ունեք»: Ապա անդրադարձավ ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, թե թուրքը չի փոխվել:

«Մեկ ուրիշ հանրապետական էլ ասում ա` էդ ի՞նչ եք խոսում, ձեզ թվում ա` թուրքերը փոխվե՞լ են: Ո՞վ ա ստեղ թուրքերից խոսում, մենք ասում ենք, որ բոլորն են նույնը, մենք չենք ասում` թուրքերը փոխվել են, մենք ասում ենք ռուսներն էլ չեն փոխվել, եվրոպացիք էլ չեն փոխվել, ամերիկացիք էլ չեն փոխվել»,- շեշտեց նա:

Փաշինյանը վրդովված ավելացրեց, թե պետք չէ իրենց պատմության դասեր տալ, այլ պետք է գնան իրենք պատմություն սովորեն:

«Գրքեր կտամ կկարդաք, մի քիչ կրթական ցենզներդ բարձրանա»,- հավելեց նա: «Հիմա եկել ասում են C 400-ը չի խփում իսկանդերը,Ռուսաստանի տիեզերաօդային ուժերը մեր տրամադրության տակ ա լինելու, թան էլ չէ փրթած մածուն ձեզ, բա ո՞նց «հեսա օգտվելու եք: Էդ ի՞նչ մոդելի իսկանդեր ա ձեզ վաճառվել և ի՞նչ մոդելի C 400 ա վաճառել Թուրքիային, գնացեք էդ ճշտեք նոր խոսացեք, ստեղ անհիմն հայտարարություններ անելու տեղ չի»,- եզրափակեց նա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կատակեց, ասելով. «Դեռ 5 վայրկյան էլ ունեք»:

Փաշինյանը ավելացրեց. «ա, 5 վայրկյանը քեզ լինի»: Փաշինյանի ելույթից հետո Գեղամյանը ցանկություն հայտնեց պատասխանել նրան, բայց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Գեղամյանին բացատրեց, որ կանոնակարգով նման բան չկա, որ ում անունը հնչեցնում են պետք է պատասխանի: Հ.Գ. Նշենք, որ այս քննարկումից հետո ԱԺ միջանցքում, ըստ Փաշինյանի, Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: