Ինչո՞ւ է 2016-ին ԵԱՏՄ անդամ Հայաստանը ութսունականների զենքով կռվում. ԱԺ-ում քննարկվում է «Ելք»-ի նախագիծը


Ինչո՞ւ է 2016-ին ԵԱՏՄ անդամ Հայաստանը ութսունականների զենքով կռվում. ԱԺ-ում քննարկվում է «Ելք»-ի նախագիծը
Հոկտեմբեր 3 12:58 2017

ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո է, որ հայկական կողմը Ղարաբաղի հակամարտության գոտում շոշափելի կորուստներ է ունեցել: Այս մասին, այսօր Ազգային ժողովում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Դրան զուգահեռ, ըստ Փաշինյանի, Հայաստանի տնտեսական ցուցանիշներն են անկում ապրել։ «Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա երբ մենք բարձրացնում ենք հարցը, թե ինչո՞ւ է 2016-ին ԵԱՏՄ անդամ Հայաստանը ութսունականների զենքով կռվում, մեզ ասում են՝ բաներ կան, որ չենք կարող ասել։ Եթե բաներ կան, որ չեք կարող ասել, դրա համար առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որտեղ նիստերը կլինեն դռնփակ ռեժիմով, որ ձեր ասելիքն ասեք», - հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև պաշտոնական վիճակագրությունը վկայակոչելով՝ ասաց, որ 2013-ի առաջին կիսամյակում 11.464 տոննա մրգեղեն է արտահանվել, իսկ 2016-ի առաջին կիսամյակում՝ 6 922 տոննա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 253 տոննա։

«Այսինքն՝ ինը հազար տոննայով պակասել է մրգեղենի արտահանումը։ Մենք կարծում ենք, որ մեր բերած փաստարկներին հակափաստարկներ չեն հնչել։ Եկեք այս աշխատանքային ֆորմատում քննարկենք այն բաները, որոնք դուք չեք ցանկանում հրապարակել», - հայտարարեց Փաշինյանը։

Ապրիլյան պատերազմի կորուստները կապել ԵԱՏՄ անդամակցության հետ, նույնքան ուժեղ փաստարկ է, որքան պնդել, որ «Ելքը» ԱԺ-ում հայտնվեց ԵԱՏՄ-ի շնորհիվ, ԱԺ-ում քննարկվող Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց հարակից զեկուցող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Սրանք որևէ կապ չունեցող գործընթացներ են, հասկանում եմ, որ գուցե հունահռոմեական հռետորաբանության մեջ ժամանակային առումով այս համադրումը փաստարկ է, բայց ես էլ, եթե ուզենամ, կարող եմ ասել, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան», - նշեց Արմեն Աշոտյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևոր Գորգիսյանը նկատեց, որ Աշոտյանի ասելիքը անտրամաբանական է, քանի որ «Ելք»-ի մուտքը ԱԺ ոչ մի կապ չունի ԵԱՏՄ-ի հետ։

Գորգիսյանը նաև առաջարկեց Արմեն Աշոտյանին իր նախագահած հանձնաժողովում տվյալներ հավաքել առ այն, թե ինչ կորուստներ ու ձեռքբերումներ է ունեցել ՀՀ-ն ԵԱՏՄ անդամակցությունից հետո և տրամադրել հանրությանը։

Քննարկումները շարունակվում են:

Armday.am