Ինչո՞ւ եք քափ-քրտինիքի մեջ հավաքում շիմպանզե համակարգը դարձնում մակակի մակարդակի. թեժ քննարկումներ ԱԺ-ում


Ինչո՞ւ եք քափ-քրտինիքի մեջ հավաքում շիմպանզե համակարգը դարձնում մակակի մակարդակի. թեժ քննարկումներ ԱԺ-ում
Հոկտեմբեր 3 11:24 2017

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ խորհրդարանում կրկին հարց բարձրացրեց, թե ինչու է Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հանրաքվե նախաձեռնելու իրավունքը:

«Ինչի՞ն է այս դրույթը խանգարում, ինչո՞ւ եք հանում այն: Երբ իրականությունն ու այստեղ հնչող ելույթներն ենք համադրում, հասկանում ենք, որ ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության մասին, այնքան ինտենսիվ վերացնում ենք այդ գործիքները: Սա գործիք, է որն ունի ընդդիմությունը, ինչո՞ւ եք քափ-քրտինիքի մեջ հավաքում այդ գործիքներն ընդդիմադիր խմբակցություններից: Խոսեմ տարբերությունների մասին: Օրանգուտան կապիկի եւ մարդ արարածի ԴՆԹ-ի տարբերությունն ընդամենը երկու տոկոս է, դրա համար կոչ եմ անում, որ մեր շիմպանզե համակարգը մի դարձրեք մակակի մակարդակի»,- ԱԺ ամբիոնից դիմելով իշխող հանրապետականներին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տալ միայն Երեւանի քաղաքապետին եւ ավագանու 1/3-րդին: Նշենք, որ նախկինում հանրաքվե նախաձեռնելու հնարավորություն ուներ նաեւ խմբակցությունը:

Նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի կողմից:

Նշենք, որ Ծառուկյան դաշինք խմբակցությունը եւս դեմ է նախագծին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ի դեպ Նիկոլ Փաշինյանի ելույթը դուր չեկավ որոշ Հանրապետականների: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ելույթ ունենալով իր խոսքում նշեց. «Քանի որ ես մանրամասն չեմ տիրապետում կենդանական եւ կապիկական աշխպարհի նյուանսներին, ես օրենքից խոսեմ, որովհետեւ շիմպանզեների եւ օրանգուտանների մասին լավ կլինի բուն մանսագետները խոսեն: Շիմպանզեներ, օրանգուտաներ եւ այլ կարգի կապիկներ լինում են ամենուրեք, լինում են այս կամ այն տարածության մեջ: Եվ կախված նրանից, թե մեր վերաբերմունքն ինչպիսին է այդ կենդանիներին, մենք տալիս ենք մեր սեփական ինքնագնահատականը»:

Նա վստահեցրեց, որ օրենքը փոխելով՝ որեւէ կապիկություն չեն անում, ընդամենը համապատասխանեցնում են Սահմանադրությանը:

Armday.am