Աշխարհի ամենահզոր,խելացի դրամապանակը՝ «Volterman»–ը նախընտրում են նշանվածները, գնում նաև՝ ադրբեջանցիները (լուսանկարներ)


Աշխարհի ամենահզոր,խելացի դրամապանակը՝ «Volterman»–ը նախընտրում են նշանվածները, գնում նաև՝ ադրբեջանցիները (լուսանկարներ)
Հոկտեմբեր 3 07:48 2017

«Made in Armenia» նախագծի հյուրն է «Volterman» աշխարհի ամենահզոր խելացի դրամապանակի հեղինակ Ազատ Թովմասյանը, ով առաջին մասնագիտությամբ արվեստաբան է, իսկ IT ոլորտով սկսել է հետաքրքրվել 2003 թվականից հետո։ Volterman–ի հեղինակի ոգեշնչման աղբյուրն ընտանիքն է, ումից Ազատ Թովմասյանն անչափ շնորհակալ է։ 13 տարեկանում առաջին աշխատավարձը վաստակած Ազատ Թովմասյանը 90–ականներին 130 դոլարով կարողացել է ձեռք բերել Shivaki ֆիրմայի ձայնագրիչ, իսկ այժմ նա ղեկավարում է մի ընկերություն, որն աշխարհի 135 երկրում իրականացնում է «Volterman»–ի վաճառք։


-Ազատ նախ սկսենք գաղափարից։ Volterman-ի հիմքում «Confidence to Continue» (Շարունակելու վստահություն) գաղափարն է։ Ի՞նչ է սա նշանակում։
-Մեր բրենդի գաղափարի, մտքի կորիզն է, ողջ էությունը։ Հենց սրա հիման վրա են կատարվում մնացած բոլոր աշխատանքները։ Բրենդի իմիջ, կարգախոս, արտաքին դիզայն, ներքին կառուցվածք և այլն։ Այս ամենի հիմքում հենց «Confidence to Continue» բառակապակցությունն է։ Նպատակն այն էր, որ տանից դուրս գալուց Դուք ներքին վստահություն ունենաք, քանի որ Ձեր գրպանում կա Volterman։ Ինչո՞ւ, որովհետև այն երբեք թույլ չի տա, որ Ձեր հեռախոսի մարտկոցը նստի, չեք կորցնի թե Ձեր հեռախոսը, թե Ձեր դրամապանակը։ Եթե Ձեր դրամապանակը կորցել եք կամ այն գողացել են, կկարողանաք առանց որևէ խնդրի այն գտնել՝ ներկառուցված տեսախցիկի միջոցով։ Նույնը վերաբերում է համացանցից օգտվելուն՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամի Դուք կլինեք հասանելի։ Առհասարակ ժամանակակից տղամարդն իր գրպանում ունի հենց այս երկու ատրիբուտը՝ հեռախոս և դրամապանակ։ Եվ մենք այս երկուսը փորձել ենք կապել իրար՝ նվազեցնելով կորցնելու հավանականությունը, ավելի ճիշտ փորձել ենք այն լիովին բացառել։ Հենց սա է նշանակում «Շարունակելու վստահություն»։ Երբ դու տանից դուրս ես գալիս վստահ ես, որ հասանելի ես օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր։


-Անվանումը ևս հետաքրքիր է։ Շատ հայ արտադրողներ նախապատվությունը տալիս են հայկական անվանումներին՝ շեշտելով հայկականությունը։ Ինչո՞ւ Volterman։
-Երբ սկսվեց դրամապանակների բրենդավորման փուլը մեր գերնպատակը միջազգային շուկան էր։ Մենք Հայաստանը երբևէ թիրախ չենք համարել։ Ամբողջ աշխարհով մեկ վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ էր չեզոք անուն։ Մեզ համար կարևորն այն է, որ արտադրանքի վրա գրված է Made in Armenia, իսկ անվանումն այդ տեսանկյունից էական չէ։ Վոլտը չափման միավորն է, իսկ man–ը մենք ասոցացրել ենք գերհնարավորություններ ունեցող անհատի հետ, ինչպիսին օրինակ Superman-ն է, Spiderman-ը և իհարկե Volterman-ը։ Ի դեպ, անվանումը ստանալու համար մենք ավելի քան երեք ամիս ենք ծախսել։ Ստեղծագործական մեծ թիմ է աշխատել, որպեսզի կարողանայինք մարդկանց մոտ զգացմունքներ առաջացնել։ Volterman-ին դա հաջողվել է։

-Որպես հայ արտադրող ի՞նչ խնդիրների եք բախվել Հայաստանում։
-Գիտեք հակառակը Հայաստանում աշխատելը միայն դրական կողմեր ունի։ Իհարկե կան մանր–մունր խնդիրներ՝ ինչպես օրինակ դետալների ձեռքբերումը, որն ավելի շատ կապված է աշխարհագրական դիրքի հետ։ Հայաստանում էնտուզիազմով լցված շատ մարդիկ կան, ովքեր կարող ենք քեզ անգամ անշահախնդիր օգնել։ Հայաստանում դու կարող ես քո անձնական կապերի, ընկերության, ի վերջո ծանոթների միջոցով շատ հարցեր լուծել։ Սա իսկապես հիանալի է։

-Դրամապանակի գործառույթները շատերին է գրավել։ Ինչո՞ւմն է Volterman–ի հզորությունը և գործառույթներից ո՞րն է առավել կարևոր։
-Նախ ցանկություն ունեի հեռախոսը և դրամապանակը կապել իրար։ Երբ սկսվեց գաղափարի իրականացման փուլը, մենք ուսումնասիրեցինք խելացի դրամապանակների շուկան։ Գործառույթներից երկուսը built-in power bank-ն ու distance alarm system-ն արդեն մյուս դրամապատակներն ունեին, մեր նպատակն էր ստեղծել աշխարհի ամենախելացի դրամապանակը և դա մեզ հաջողվեց։ Ներկառուցված տեսախցիկ, global WiFi hotspot ունենալու հնարավորություն և global GPS tracker։ Այս երեք գործառույթն աշխարհում որևէ այլ դրամապանակ չունի։ Ինչ վերաբերում է գործառույթների առավել կամ պակաս կարևոր լինելուն, կախված է անհատի ցանկություններից և սպասումներից։ Բայց, հաշվի առնելով արձագանքերը, կարող եմ նշել, որ հեռախոսի մարտկոցի լիցքավորման հնարավորությունը շատերին է տպավորել։

-Նման «հզոր» արտադրանքը բնականաբար մեծ պահանջարկ կունենա։ Ո՞ւմ համար են դրանք նախատեսված։
-Նախքան վաճառքին անցնելը մենք բնականաբար ուսումնասիրել են շուկան, պարզել մեր պոտենցիալ գնորդների տարիքային շեմը։ Մեր թիրախային խումբը 25 տարեկանից մինչև 45 տարեկան տղամարդիկ են, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով։ Կայացած անհատներ, ովքեր նկատեք նշանված են, ոչ թե՝ ամուսնացած։ Իսկապես սա շատ հետաքրքիր էր՝ ո՛չ ամուրի, ո՛չ ամուսնացած, այլ հենց նշանված։ Որպես պատճառ ես կարող եմ ենթադրել, որ նշանվածներն իրենց ցանկությունները բավարարելու դեռ ժամանակ ունեն, իսկ ամուսնացածներն արդեն որոշակի պարտավորություններ ունեն, ամուրիներն էլ կարծում եմ մտածում են դեռ երկար ժամանակ կունենան իրենց վրա գումար ծախսելու համար։ Ի դեպ, նշեմ, որ մոտ մեկ ամիս դրամապանակների համար գին չէինք հայտարարում, չնայած արժեքն արդեն սահմանել էինք։ Սպասում էինք թե ո՞վ, որքա՞ն է պատրաստ վճարել դրամապանակի համար։ Մենք շուկայի պահանջարկին համապատասխան գին սահմանեցինք, որը ժամանակի ընթացքում թանկանալու է։ Հիմա Volteman–ի արժեքը սկսվում է 100 դոլարից։ 2018–ից գներն ավելի կթանկանան, քանի որ հասանելի կլինեն նաև այլ հարթակներում։ Կլինի նաև օֆլայն վաճառք։ Ի դեպ այս դրամապանակները ամրագրելու համար կարող եք անցնել այս հղմամբ։https://www.indiegogo.com/projects/volterman-world-s-most-powerful-smart-wallet-powerbank#/backers

-Հայ գործարարները, քաղաքական գործիչներն արդեն ձեռք բերե՞լ են իրենց Volterman-ը։

-Այդ տեղեկատվությունը հասանելի է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռք է բերել Volterman՝ վճարելով 385 դոլար։ Reddit.com-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ևս գնել է Volterman։ Կարծում եմ Volterman–ի գնորդների մեջ շատ գործարարներ ևս կլինեն, թեպետ չեմ կարող անուններ թվարկել, քանի որ գուցե ես ուղղակի նրանց չեմ էլ ճանաչում։

-Արտադրանքի հիմնական շուկայի մասին ի՞նչ կասեք Ազատ։ Որտե՞ղ է պահանջված Volterman-ը։

-Առաջինը Միացյալ Նահանգներն են, երկրորդը՝ Մեծ Բրիտանիան, հետո Ավստրալիա, Կանադա, Սինգապուր, Եվրոպական երկրներից՝ Ֆրանսիա, Գերմանիա։ Իրականում չէինք սպասում, որ Հայաստանում ևս վաճառքներ կլինեն, բայց այս պահին վաճառքի ծավալով Հայաստանը 7–րդ տեղում է։ Զարմանալի է, բայց փաստ՝ Արաբական աշխարհի երկրները ևս հետաքրքրված են։ Օրինակ Սաուդյան Արաբիան չենք թիրախավորել, բայց այստեղ վաճառքներ ունենք։ Մեր հարևանները, այդ թվում ադրբեջանցիներն ակտիվորեն գնում են։ Կարող եմ ուրախությամբ փաստել, որ Volterman–ը հայկական միակ արտադրանք է, որ 135 երկրից վաճառք ունի։


-Ազատ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ցանկանում եք նաև կանանց համար դրամապանակ, ուսապարկ, ճամպրուկ և այլ արտադրանք ստեղծել։ Ո՞ր փուլում է այս ցանկությունը։
-Մենք գծել ենք առաջիկա 3 տարվա մեր աշխատանքային պլանը։ 3 տարվա մեջ մենք պլանավորում ենք ունենալ Ձեր թվարկածը, նաև պլաններում կա անվտանգության համակարգի հետ կապված արտադրանք, ճամփորդական պայուսակներ և այլ արտադրանք ևս տալ։


-Հաշվի առնելով բոլոր առավելությունները Volterman-ն այսօր անհրաժեշտությո՞ւն է, թե՞, այնուամենայնիվ, շքեղություն։
-Այս հարցի շուրջ շատ ենք մտածել։ Ցանկանում էինք հասկանալ Volterman–ը IT է, թե fashion։ Կարծում եմ, դժվար է Volterman–ը համարել շքեղություն։ Այն օգտագործողին գերհնարավորություններ է տալիս և հաշվի առնելով այս փաստը կարող եմ ասել, որ այն ավելի շատ անհրաժեշտություն է, քան՝ շքեղություն։

 

Տաթև Այվազյան

Ալինա Նահապետյան

Made in Armenia 



loading...