Կառավարությունը տնտեսական աճի ցուցանիշը բարձրացրել է


Կառավարությունը տնտեսական աճի ցուցանիշը բարձրացրել է
Սեպտեմբեր 28 12:30 2017

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց բյուջեի հիմնական ցուցանիշները: «Մենք մեր կանխատեսումներում բարձրացրել ենք տնտեսական աճի ցուցանիշը, որը գործող բյուջեում 3,2% էր ամրագրվել, բայց այժմ 5,2% է, և բոլոր ճյուղային զարգացումները ցույց են տալիս, որ 2018 թվականին տնտեսական աճը կլինի 4,5%»,- ասաց Վ.Արամյանը, հավելելով, որ արդյունաբերության և գյուղատնտեսության գծով ակնկալում են 6% և 4% աճ` այս տարի ձեռնարկած միջոցների շնորհիվ:

Նրա խոսքով` ընթացիկ ծախսերի աճը կկազմի 2-2,5%, փոխարենը կապիտալ ծախսերի աճն է բարձր, որպեզի տնտեսական աճի հիմքեր ստեղծվեն, ավելացել է նաև պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը: Նախարարի խոսքով` եկամուտներն ավելացվում են 100 մլրդ դրամով և կկազմեն 1 տրլն 307 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,499.5 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 156.9 մլրդ դրամ:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե բյուջեն սեկվեստրի է ենթարկվելու, Վ.Արամյանը պաշտոնապես հայտարարեց. «Նման գաղափարախոսություն չկա: Այս տարվա քաղաքականությունը կշարունակվի մյուս տարի»: Որպես ապացույց նա նշեց նաև այն հանգամանքը, որ վարկանիշային կազմակերպությունները պահպանել են ՀՀ ռեյտինգները:



loading...