Սա պատերազմող երկրի գիտության վիճա՞կ է․ Ն․ Փաշինյան


Սա պատերազմող երկրի գիտության վիճա՞կ է․ Ն․ Փաշինյան
Սեպտեմբեր 22 12:10 2017

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի քանի օր առաջ «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրվեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հոդվածը։

Հոդվածից իմանում ենք, որ Հայաստանի գործող գիտնականների 30 տոկոսը 65 եւ բարձր տարիքի են, 20 տոկոսը՝ 70 եւ բարձր տարիքի, 11 տոկոսը՝ 75 եւ բարձր տարիքի։

Մի մեջբերում հոդվածից․ «Չնայած կենսաթոշակային տարիքի գիտաշխատողների զգալի մասը ձեւակերպված է լրիվ հաստիքով (ներգրավված են ինչպես բազային, այնպես էլ գրանտային ծրագրերում), նրանց զգալի մասն ունի առողջական լուրջ խնդիրներ եւ լիարժեք աշխատանքի գնալ բնականաբար չի կարող։ Գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների զգալի մասը, հարգելով նրանց վաստակը, աչք է փակում այս երեւույթի վրա։ Սակայն չեն բացառվում նաեւ կոռուպցիոն երեւույթները, որոնք կարող են լինել այս պարագայում» (մեջբերման ավարտ)։

Սա պատերազմող երկրի գիտության վիճա՞կ է։ Գիտության պետական կոմիտեի նախագահը պնդում է, թե այլեւս այսպես շարունակել չի կարելի։ Համաձայն ենք․ բայց այսպես այլեւս չէր կարելի շարունակել դեռ 15, 20 տարի առաջ եւ բոլորը այդ մասին գիտեին։

Բայց աշխատանքի չգնացող եւ ոչինչ չստեղծող գիտնականները իշխանություններին պետք էին՝ իրենց մասին նախընտրական եւ ետընտրական ձոներ ձոնելու համար։ Եւ թույլ տվեք կանխատեսել, որ հոդվածից հետո էլ էական ոչ մի բան չի փոխվի, որովհետեւ պատկառելի գիտական ժառանգություն ունեցող, բայց այսօր ըստ էության անաշխատունակ գիտնականները հարկավոր են իշխանությանը՝ հանրային համերաշխության ծխածածկույթ ստեղծելու համար։ Էդ ծխածածկույթի տակ մսխվել է ամենակարեւորը՝ ապագան։

Էլ չեմ ասում, որ պատկառելի անցյալ ունեցող գիտնականների մի մասն էլ Անկախությունը անիծելու հորդառատ աղբյուր է։ Չէ՞ որ Սովետը պետություն էր, ոչ թե էս «քոսոտ» երկրի նման։ Իսկ թե ինչեր կպատմեն այսպիսի մարդկանց մասին ԿԳԲ-ի արխիվները, կիմացվի միայն լյուստրացիայից հետո»։