Անկում՝ գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում. Կարապետյանի հանձնարարականը


Անկում՝ գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում. Կարապետյանի հանձնարարականը
Սեպտեմբեր 22 11:24 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ հանձնարարական տվեց: Կարապետյանը հայտարարեց, որ գյուղատնտեսությունը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը: «Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններ ապահովելու եւ այն արդյունավետ ձեւով իրագործելու համար»,- նշեց  վարչապետը:

Նա նշեց, թե վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները իրենց մտահոգության տեղիք են տալիս, եւ հետեւաբար անհրաժեշտ է ոլորտում ձեւավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծություն կատարել:

«Հաշվի առնելով վերոգրյալը հանձնարարում եմ գյուղատնտեսության եւ Տարածքային կառավարման զարգացման նախարարներին, մարզպետներին եւ առաջարկում եմ Ազգային վիճակագրական ծառայությանը երկու շաբաթվա ընթացքում ամփոփել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերաբերյալ, այդ թվում անդրադառնալ անկման պատճառներին»,- ասաց վարչապետը: Կարապետյանի խոսքով՝ այս տարվա հունվար- օգոստոսը նախորդ հունվար- օգոստոսի համամեմատ բոլոր ոլորտերում արձանագրվել է աճ, բացի գյուղատնտեսությունից եւ շինարարությունից:

«Ընդ որում, շինարարության թվերի դինամիկական մեզ ցույց է տալիս, որ մենք կոմպեսացնում ենք այդ հետ ընկնելը: Դրան գումարած այն հանձնարարությունները, որոնք մենք տվել ենք շինարարության ոլորտին, դրան գումարած քաղաքաշինական կոմիտեի նախագահի կանխատեսումները, մենք ըտեղ մեծ պրոբլեմներ չենք տեսնում: Գյուղատնտեսության ոլորտի հետ կապված մեզ պետք է թվերը ռեալ հասկանալ: Շատ ուշադիր անդրադառնում ենք դրան»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Armday.am