Լևոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին դասական առաջին պարտիայում


Լևոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին դասական առաջին պարտիայում
Սեպտեմբեր 15 18:05 2017

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը գերազանցեց Վասիլի Իվանչուկին:

Թբիլիսիում շարունակվող աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ուկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկի հետ: Պարտիայի 24-րդ քայլին Արոնյանը ստիպեց Իվանչուկին անձնատուր լինել:

Գրոսմայստերները ևս մեկ պարտիա կխաղան սեպտեմբերի 16-ին:

Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Բացի եզրափակիչից (խաղարկվելու է 4 պարտիա), բոլոր փուլերի մրցախաղերը բաղկացած են 2-ական պարտիայից և անցնում են հետևյալ ժամակարգով՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե հավելում՝ առաջին քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյանով:

Մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է թայ-բրեյք՝ 2 պարտիա 25 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար ժամակարգով, կրկին ոչ-ոքիի դեպքում՝ 2 պարտիա 10 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար, կրկին հավասար արդյունքի դեպքում ևս 2 պարտիա՝ 5 րոպե + 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

Այս մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է որոշիչ պարտիա (արմագեդոն), որտեղ սպիտակներին տրվում է 5 րոպե, իսկ սևերին 4 րոպե՝ 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով: Որոշիչ պարտիայում ոչ-ոքիի դեպքում հաղթող է ճանաչվում սևերով խաղացող շախմատիստը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար: