Կառավարությունն ակնկալում է «Doing Business» զեկույցում Հայաստանի դիրքը բարելավել 12 կետով


Կառավարությունն ակնկալում է «Doing Business» զեկույցում Հայաստանի դիրքը բարելավել 12 կետով
Սեպտեմբեր 13 14:27 2017

Կառավարությունն ակնկալում է «Doing Business» զեկույցում Հայաստանի դիրքը բարելավել 12 կետով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության հակիրճ հաշվետվության մեջ, որը վերաբերում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածին:

Ըստ այդմ, նշվում է, որ տնտեսության առաջընթացի և գործարար միջավայրի բարելավման շրջանակում Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցի շրջանակում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։

Հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 12 կետով:

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական կարգավորումների ուղղությամբ, նվազեցվել է գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագինը:

Հստակորեն սահմանվել են հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցագործություն համարվող բոլոր գործողությունները, ինչպես նաև կրկնակի բարձրացվել է դրանք չվճարելու խոշոր չափի նվազագույն շեմը` 2 միլիոնից դառնալով 4 միլիոն դրամ:

Հաստատվել են ԱԱՀ գումարներն արտահանողներին վերադարձնելու պարզեցված ընթացակարգեր՝ մինչև 20 մլն ԱԱՀ գումարների վերադարձի համար սահմանելով 4 օր:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից 2016թ-ի սեպտեմբեր ամսից ի վեր թվով 63 տնտեսվարողի տրամադրվել է ընդհանուր 2․3 մլրդ դրամի չափով արտոնյալ վարկեր։ ՏՏ ոլորտում երկարաձգվել է հարկային արտոնություններից օգտվելու նախկին ժամկետը` 2020թ. հունվարի 1-ի փոխարեն արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանվել է 5 տարի: 2016թ․ սեպտեմբերից մինչ այժմ հավաստագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 144 սկսնակ ընկերություն: