Կառավարության եւ Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են. Վարչապետ


Կառավարության եւ Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են. Վարչապետ
Սեպտեմբեր 11 08:28 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացմանը:

Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Համաշխարհային բանկի հետ սերտ եւ շարունակական բնույթ կրող համագործակցությունը, որը զարգացման միտում ունի: «Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Այս 25 տարվա ընթացքում ՀԲ աջակցությամբ իրականացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ ժամանակակից ինստիտուտների ձեւավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: ՀԲ խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն օգնել են ապահովել տնտեսական աճ, զարգացում եւ առաջընթաց: 2014 թվականից մենք թեւակոխեցինք զարգացման նոր շրջան՝ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերից անցում կատարելով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի ծրագրերին: Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել եւ իրականացնում է մեր տնտեսության արմատական բարեփոխումներին եւ արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր, որը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում եւ էլ ավելի սերտ համագործակցություն մեր հիմնական գործընկերների հետ», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ կառավարության ծրագիրը նման գնահատականի է արժանացել նաեւ Հայաստանի գործընկերների կողմից եւ գոհունակությամբ փաստել, որ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են:

«Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար եւ խելացի Հայաստան: Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պետք է հանդիսանա Հայաստանի եւ Համաշխարհային բանկի համագործակցության առանցքային հենասյունը: ՀԲ լայնածավալ փորձը եւ գիտելիքների բազան կօժանդակեն կառավարությանը ռեսուրսների արդյունավետ եւ խելացի օգտագործմամբ եւ մրցունակության բարձրացմամբ՝ ապահովելու տասնամյակների առաջանցիկ զարգացումը: Այս տեսանկյունից Համաշխարհային բանկի կողմից նախորդ 25 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը շատ տպավորիչ է. նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար: Այժմ բանկի վարկային պորտֆելը Հայաստանի Հանրապետությունում 620 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում է», - ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Կարապետյանի խոսքով՝ գլոբալ տնտեսության պայմաններում զարգացման եւ առկա մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է ժամանակակից մրցունակ տնտեսություն եւ արդյունավետ պետական կառավարում, եւ ապագայում հաջողության կարող են հասնել միայն այն տնտեսական համակարգերը, որոնք կկարողանան ժամանակին համընթաց ձեւափոխել տնտեսական աճի մոդելը եւ ապահովել առաջանցիկ, կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ: «Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ եւ նորարար տնտեսություն: 21-րդ դարի այսպիսի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ դինամիկ թվայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելով: Դա հնարավոր կլինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի առկայության դեպքում: Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից եւ շարունակվի անընդհատ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նորանկախ Հայաստանի տնտեսական համակարգի կայացման եւ զարգացման գործընթացում ինչպես ՀԲ թիմից, այնպես էլ Հայաստանից ներգրավված մասնակիցները կշարունակեն համատեղ ջանքերով իրենց փորձառությունն ու գիտելիքները լավագույնս ծառայեցնել ապագա Հայաստանի տեսլականի իրագործմանը: