Արագածոտնում գյուղոլորտում նախատեսվում է 2 տոկոսի աճ. վարչապետն դժգոհ է ցուցանիշից


Արագածոտնում գյուղոլորտում նախատեսվում է 2 տոկոսի աճ. վարչապետն դժգոհ է ցուցանիշից
Սեպտեմբեր 9 15:40 2017

Արագածոտնի մարզում այս տարի գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է 2 տոկոսի աճ: Այս մասին, սեպտեմբերի 8-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նշել է մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

Կառավարությունից հայտնում են, որ ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականի ընթացքում կազմել է շուրջ 39.459 մլրդ դրամ, որը հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի 2.8 տոկոսն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեմպը կազմել է 13.7 մլրդ դրամ կամ 53.4 տոկոս:

Մարզպետի խոսքով, համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2016թ.-ի ընթացքում կազմել է 88.5 մլրդ դրամ, որը հանրապետությունում գյուղատնտեսական համախառն արտադրանքի 9.8 տոկոսն է: Նա նշել է, որ այս տարվա ընթացքում գյուղոլորտում նախատեսվում է 2 տոկոսի աճ: Վարչապետն այս ցուցանիշը ցածր է համարել:

Արագածոտնի մարզում 2017թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեի, բարեգործական կազմակերպությունների եւ հիմնադրամների միջոցներով իրականացվում են 104 մլրդ 190 մլն 381 հազար դրամի շինարարական աշխատանքներ, որոնցից 2017թ.-ի Արագածոտնի մարզի թվով 114 համայնքի բյուջեների ընդհանուր եկամուտը նախատեսվել է 3 մլրդ 733 մլն 419 հազար դրամ, իսկ սեփական եկամուտների պլանը նախատեսված է 1 մլրդ 254 մլն դրամ կամ ընդհանուր բյուջեի 33.6 տոկոսը: 2017թ. սեփական եկամուտների պլանը 2016թ.-ի նկատմամբ ավելի է 235 մլն դրամով, աճը կազմում է 23 տոկոս: 2017թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ հավաքագրվել է 552 մլն 176 հազար դրամ՝ նախատեսված 592 մլն 197 հազար դրամի փոխարեն կամ 7 ամսվա պլանը կատարվել է 93.2 տոկոսով: 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 120 տոկոս:

Աշոտ Սիմոնյանը զեկուցել է, որ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում է 2 հազար 344 ուսուցիչ: Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը 1/7 է: Մարզի առողջապահական համակարգի բուժհիմնարկների 2017թ. ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլրդ 583 մլն 106 հազար դրամ: Ընթացիկ տարում պետական մասնակցությամբ բժշկական կենտրոնների վճարովի ծառայության ծավալը կազմել է 104 մլն դրամ:

Մայիսի 27-ին եւ հուլիսի 29-ին կայացած հանրապետական շաբաթօրյակների ընթացքում մարզում իրականացվել են ծավալուն աշխատանքներ: Այդ գործընթացի արդյունքում հայտնաբերված 136 աղբանոցից փակվել է 124-ը: Նշվել է, որ մարզի Աշտարակի տարածաշրջանի 17 համայնքի աղբահանությունն իրականացնում է «Էկո-կենտրոն» ՍՊԸ-ն: Տարածաշրջանի եւս 13 համայնքի հետ առաջիկայում կկնքվեն աղբահանության պայմանագրեր:

Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ մարզի զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններն ու նպատակներ են՝ ժամանակակից արդյունաբերության զարգացումը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, արդիականացումը, զբոսաշրջության խթանումը, մարզի ճանաչողականության բարձրացումը, ենթակառուցվածքների զարգացումը եւ այլն: