Հայկական շուկան դեռեւս թերագնահատված է ռուսական ընկերությունների համար. Կարեն Կարապետյան


Հայկական շուկան դեռեւս թերագնահատված է ռուսական ընկերությունների համար. Կարեն Կարապետյան
Սեպտեմբեր 8 13:11 2017

Թեեւ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն եւ ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռեւս թերագնահատված է ռուսական ընկերությունների համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը կարեւորել է արդյունաբերության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացումը եւ ընդգծել, որ դրա համար տեսնում է իրական մեծ հեռանկարներ: «Չնայած նրան, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն եւ ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռեւս թերագնահատված է ռուսական ընկերությունների համար, հատկապես երրորդ երկրների՝ Իրանի, Եվրոպական միության շուկաներ դուրս գալու առումով: Դրան կարող են էապես նպաստել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ԵՄ-ի հետ գործող GSP+ համակարգը եւ այլն»,- նշել է վարչապետը:

Գլեբ Նիկիտինն անդրադարձել է հայ գործընկերների, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների արդյունքներին եւ դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական: Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը լայն հնարավորություններ է տեսնում Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում եւ կարեւորում է GSP+ համակարգի ու Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու հնարավորությունները ռուսական ընկերությունների համար: «Մեզ համար հետաքրքիր են Հայաստանում առկա հնարավորությունները եւ այդ առումով տեսնում եմ լայն հեռանկարներ: Ունենք համագործակցության մեծ ներուժ ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, գյուղմթերքների արտադրության, արդյունաբերության տարբեր ճյուղերում: Վստահ եմ, որ արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է դուրս գալ նոր մակարդակի»,- ասել է Գլեբ Նիկիտինը՝ կարեւորելով նաեւ արտահանման ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացումը:

Այդ առումով, վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է բավարարել ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ հաշվի առնելով նաեւ տարբեր ոլորտներում մեր երկրի առավելություններն ու կարողությունները: Գործադիրի ղեկավարի համոզմամբ, Հայաստանը կարող է ռուսական կապիտալի համար միջազգային խոշոր շուկաներ դուրս գալու լավ հարթակ դառնալ: Կարեն Կարապետյանն ընդգծել է նաեւ հայ-ռուսական ներդրումային ֆոնդերի համագործակցության զարգացման անհրաժեշտությունը եւ նշել, որ ՀՀ կառավարությունն ունի մի շարք ներդրումային հետաքրքիր ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաեւ համատեղ ջանքերով: Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ համագործակցության մեծ հնարավորություններ է տեսնում նաեւ տրանսպորտի, ավիացիայի, դեղագործության, զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում եւ շեշտել ՏՏ բնագավառում հայկական ընկերությունների հաջողությունները: «Ունենք այնպիսի կազմակերպություններ, որոնց դուստր ընկերություններն են գործում Սիլիկոնյան հովտում, ոչ թե հակառակը»,- նշել է վարչապետը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են նաեւ հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք հայ-ռուսական արդյունաբերական ֆորումի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է երկկողմ մի շարք համաձայնագրերի ստորագրում: