Տավուշում մեղրի մթերման եւ վերամշակման կետ կարող է ստեղծվել. ներդրող են փնտրում


Տավուշում մեղրի մթերման եւ վերամշակման կետ կարող է ստեղծվել. ներդրող են փնտրում
Սեպտեմբեր 7 11:44 2017

Տավուշում մեղրի մթերման եւ վերամշակման կետ կարող է ստեղծվել: Այս հարցը քննարկվել է սեպտեմբերի 6-ին, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի՝ Տավուշի մարզ այցելության ժամանակ:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ մասնավորապես, մարզի Սարիգյուղ համայնքում նախարարը մասնակցել է մեղվաբույծների հետ կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է Տավուշի մարզում մեղրի համար ընդհանուր չափորոշիչների սահմանման, մթերման եւ վերամշակման կետի ստեղծման հնարավորությունը, ինչի նպատակով Հայաստան պետք է ժամանեն մասնագետներ Ռուսաստանից:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ մեղվաբուծության ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը: Նա ընդգծել է, որ Տավուշի մարզում արտադրված մեղրն իր բարձր որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ ունի արտասահմանյան շուկայում, այդ թվում` Չինաստանում, սակայն մեղրի հավաքագրման կետի բացակայությունը խոչընդոտում է մեղվաբուծական արտադրանքի արտահանման կազմակերպմանը:

Նախարարի հաջորդ կանգառը Բերքաբեր համայնքում էր: Գյուղացիները նշում են, որ հողն այստեղ չափազանց բերրի է, անգամ կատակում են` քարն էլ է աճում, սակայն ոռոգման ջրի խնդիր ունեն, համակարգը մաշված է եւ վերանորոգման կարիք ունի:

Բերքաբերցի ֆերմեր Արա Խուդավերդյանի հողատարածքը սահմանին շատ մոտ է, սակայն դա նրան չի ընկճել: Այստեղ արքայանարնջի այգի է հիմնել եւ այժմ օրգանական չրի արտադրությամբ է զբաղվում: Այգին 2.5 հա է, ակնկալում է մոտ 20 տոննա բերք ստանալ: Իրացման խնդիր չունի, նախապես պայմանագիր է կնքել արտահանող ընկերություններից մեկի հետ: Այգում նաեւ կաթիլային ոռոգման համակարգ է ներդրել, ասում է` ջրի խնայողությունն ակնհայտ է, ոռոգումը համաչափ է կատարվում, մոլախոտերի զարգացումն է կանխվում, ջուրն էլ իր նպատակին է ծառայում:

Բերքաբերից նախարարն ուղեւորվել է Այրում եւ Պտղավան համայնքներ, այցելել «Հայկական միրգ» ծրագրի շրջանակում հիմնված պտղատու ինտեսիվ այգիներ: «Հայկական միրգ» ԲԲԸ-ի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ ծրագիրն ավարտվել է 2016 թվականի հունիսին, սակայն ընկերության եկամուտների հաշվին շարունակվում են հիմնված 85 հա դեղձենու, նեկտարինի, կեռասենու, խնձորենու, սալորենու այգիների խնամքի աշխատանքները, այնուհետեւ դրանք անհատույց հանձնում են գյուղացիական տնտեսություններին: Այրում համայնքում 4.5 հեկտարի վրա հիմնվել է նեկտարինի եւ դեղձենու այգի, այն ծրագրի շրջանակում հիմնված առաջին այգին է, տնկանյութը ներկրվել է Իտալիայից, երկրորդ տարվանից ծառերը բերք են տվել: Պտղավանի ընկուզենու այգու տարածքը 3.8 հեկտար է, այստեղ աճեցվում են չանդլեր եւ ֆրանկետ տեսակի ընկուզենիներ, որոնք բերքատվության են անցնում յոթերորդ տարում:

Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Տավուշի մարզում բնակիչներին մտահոգող խնդիրներից է ոռոգման ջրի բացակայությունը: Մարզպետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդրի լուծման տարբերակներ գտնելու հարցում:

«Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համար կառավարությունը գյուղոլորտի ծրագրերից օգտվելու արտոնություններ է սահմանել: Մասնավորապես գյուղատնտեսության զարգացման վարկերի տոկոսադրույքն այս համայնքների համար կկազմի 3 %: Մարզում առկա են բարենպաստ բնակլիմայական պայմաններ ինտենսիվ այգիների հիմնման համար:Համայնքապետերն ու գյուղացիները ոգեւորված էին 2018 թվականին մեկնարկող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի ներդրման եւ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման պետական աջակցության ծրագրերով եւ հավաստիացրել են, որ անպայման կդիմեն»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով մեղրի իրացման վերաբերյալ բարձրացված հարցին` նախարարը հավելել է, որ միջոցներ կձեռնարկվեն շահագրգիռ ներդրող գտնելու հարցում, որը հանձն կառնի մարզում մթերման կետ հիմնելու գործը:

Նախարարը դրական է գնահատել նաեւ անասնապահության ոլորտում «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի փորձը` ընդգծելով, որ այն նոր մշակույթ է բերում եւ որպես օրինակ կարելի է կիրառել եւ ընդլայնել` փոքր տնտեսությունների զարգացման նպատակով: