Ծանուցման բովանդակության հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողները կարող են առարկություններ ներկայացնել էլեկտրոնային եղանակով. Վ. Միրումյան


Ծանուցման բովանդակության հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողները կարող են առարկություններ ներկայացնել էլեկտրոնային եղանակով. Վ. Միրումյան
Սեպտեմբեր 6 11:00 2017

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի գործունեության եռամսյա արդյունքները:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից և նշում, որ հարկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հետևանքով օպտիմալացման, ռեսուրսների տնտեսման գործընթացներ են կատարվել:

Պետական եկամուտների կոմիտեն բիզնես դաշտի հսկողություն է իրականացնում «խելացի» համակարգի միջոցով:

«Էլեկտրոնային հսկողության կատարելագործումը թույլ է տվել արդյունավետ կառավարել հսկողական աշխատանքների համար նախատեսված ռեսուրսները՝ գործընթացը հարկ վճարողների համար դարձնելով թափանցիկ և գործընկերային»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Հարկ վճարողների գործունեության նկատմամբ ընթացիկ հսկողու­թյունը տարբեր տեսչությունների փոխարեն իրականացվում է կենտրոնացված սկզբունքով՝ մոնիթորինգի կենտրոնից:

«Վերլուծության՝ օբյեկտիվ և միասնական չափանիշներով ձևավորված էլեկտրոնային համակարգն է դուրս բերում հարկ վճարողների ռիսկային վարքագիծը՝ հիմք տալով հսկողական միջոցառումների անցկացման համար: Այդպիսով, օպտիմալացման տրամաբանությանը համահունչ՝ կրճատվել են տարածքային հարկային տեսուչ-հարկ վճարող շփումները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»,-ընդգծել է Վախթանգ Միրումյանը:

Մոնիթորինգի կենտրոնում ինքնաշխատ համակարգը կատարում է ՀԴՄ և հաշվարկային այլ փաստաթղթերով՝ հարկային հաշիվներով և հաշիվ-ապրանքագրերով, իրականացվող գործարքների մոնիթորինգ: Այն համադրվում է մասնագետների վերլուծության հետ՝ ճշգրտելու տնտեսվարողի ռիսկայնությունը՝ գործունեության ոլորտի առանձնահատկություններից ելնելով, որից հետո կոմիտեն ծանուցում է ուղարկում ռիսկային հարկ վճարողներին:

«2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկվել է 2322 ծանուցում, ընդ որում՝ 455 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ: ՀԴՄ ծանուցումների վերաբերյալ առարկություն կամ պարզաբանում է ներկայացրել 258 հարկ վճարող:

«Օրենսդրությամբ սահմանված հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 362 հարկ վճարողի տվյալներ: Ներկա պահին 140 հարկ վճարողի մոտ հսկողական միջոցառումներ են իրականացվել»,-տեղեկացրել է կոմիտեի նախագահի տեղակալը:

Հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը հաշվարկային փաստաթղթերի հիման վրա կատարված մոնիթորինգի արդյունքներով ուղարկվել է 718 ծանուցում, ընդ որում՝ 48 հարկ վճարողի ծանուցվել է մեկից ավելի անգամ:

Առարկություն կամ պարզաբանում է ներկայացրել 118 հարկ վճարող: Հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 136 հարկ վճարողների տվյալներ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցրել է, որ ծանուցման բովանդակության հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողները կարող են էլեկտրոնային եղանակով՝ առանց ավելորդ միջոցներ ծախսելու, ներկայացնել առարկություններ և բացատրություններ: Այդկերպ հսկողությունը դառնում է առավել թիրախային և թափանցիկ, իսկ միջոցառումներ իրականացնող աշխատակիցների գործելաոճը՝ հիմնավորված:

«Հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորումն օգնում է կոմիտեին գնահատել մշակված ռիսկային չափանիշների օբյեկտիվությունը, արդյունավետությունը՝ անհրաժեշտության դեպքում վերանայելով և կատարելագործելով դրանք»,-նշել է Վախթանգ Միրումյանը՝ հավելելով, որ այդ նպատակով հարկ վճարողների արձագանքների և իրականացված հսկողական միջոցառումների արդյունքերի ընթացիկ վերլուծություն է կատարվում:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ հարկ վճարողների հետադարձ կապի միջոցով շարունակաբար կատարելագործվող համակարգն ապահովում է ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական գործառույթի թափանցիկությունը և կոմիտեի որդեգրած գործելաոճին համապատասխան՝ բարձր արդյունավետությունը: