Այս տարվա հունվար-օգոստոսին ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 25.4 տոկոսով


Այս տարվա հունվար-օգոստոսին ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 25.4 տոկոսով
Սեպտեմբեր 5 08:01 2017

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 667 173 մարդ, որը 25.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հյտնում են, որ օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 293 317 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.9 տոկոսով:

2017 թվականի օգոստոս ամսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 281 345 մարդ՝ 10.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա օգոստոս ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 21.9 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 14 985 տոննա ապրանք, որը 54 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 11 972 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 56 243 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 22.1 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները: