Վարչապետն ընդունել է ՎԶԵԲ նախագահի գլխավորած պատվիրակությանը


Վարչապետն ընդունել է ՎԶԵԲ նախագահի գլխավորած պատվիրակությանը
Սեպտեմբեր 4 17:40 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցությունը եւ նշել, որ երկկողմ գործընկերության փա¬թեթը ներառում է մոտ 1,1 մլրդ եվրոյի 158 ծրագիր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների եւ տնտեսական զարգացման օրակարգի համար՝ ավելացնելով, որ բանկի հետ ընթացիկ՝ 2015-2019 թթ. ռազմավարությամբ ամրագրված 3 ուղղություններն էլ՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանումը, կապիտալ շուկաների զարգացումը, կայուն եւ առեւտրայնացված կոմունալ ծառայությունների զարգացումը, չափազանց կարեւոր են: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվել եւ ընթացքի մեջ են նաեւ կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, Երեւանի մետրոպոլիտենի արդիականացման, քաղաքային լուսավորության ծրագրերը: Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ ղեկավարությանը՝ «Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի» գլխամասային գրասենյակի՝ Հայաստանում տեղակայելու որոշմանը մեծապես աջակցելու համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է նաեւ Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը, որը մշակվել է ՎԶԵԲ-ի փորձագետների կողմից, կարեւորել ՎԶԵԲ-ի հետ բաժնեմասնակցային հիմնադրամի ստեղծումը եւ այդ գործընթացի վերջնականացումը: Կառավարության ղեկավարը կարեւորել է ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություների իրականացման համատեքստում, ինչը հնարավորություն կընձեռի առավել համապարփակ դարձնել ձեռնարկությունների կորպորատիվ սնանկացման ընթացակարգերին առնչվող օրենսդրությունը: Գործադիրի ղեկավարը հետագա համագործակցության առումով կարեւորել է նաեւ ոչ սուվերեն վարկավորման մեխանիզմների առավելագույնս կիրառումը՝ առաջնահերթությունը տալով պետություն-մասնավոր հատված համագոր¬ծակցության ձեւաչափերին եւ ուղղակիորեն համայնքներին վարկավորելու հնարավորություններին: Այդ առումով, Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել ՎԶԵԲ-ի կողմից ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների սկսնակ ընկերությունների ներդրումային մեխանիզմների ձեւավորման կամ առկա մեխանիզմերում ներգրավման տարբերակներ:

Իր հերթին, Սումա Չակրաբարտին ընդգծել է ՀՀ կառավարության հետ արդյունավետ փոխգործակցության փաստը եւ շեշտել, որ ՎԶԵԲ-ը ցանկանում է մեր երկրում ներդրումային միջոցները տեսնել ավելի շատ ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատվածում, ՓՄՁ նախաձեռնություններում: Նրա խոսքով, ՎԶԵԲ-ը Հայաստանի համար ունի «քանակի եւ որակի» նոր օրակարգ եւ պատրաստ է շարունակել իր օժանդակությունը տարբեր ոլորտներում նախատեսվող նախագծերում ու բարեփոխումներում: ՎԶԵԲ նախագահի խոսքով, առանց ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ երկկողմ համագործակցության զարգացումը չէր լինի եւ սա լավ ուղերձ է ներդրողների, այդ թվում՝ միջազգային հանրության համար:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը, կորպորոտիվ կառավարման զարգացմանը, «Թվային Հայաստան» օրակարգի իրականացմանն առնչվող այլ հարցեր:



loading...