Ի վերջո, առաջադրվո՞ւմ է համայն Ռուսիո առաջնորդը կրկին, թե՞ ոչ


Ի վերջո, առաջադրվո՞ւմ է համայն Ռուսիո առաջնորդը կրկին, թե՞ ոչ
Սեպտեմբեր 4 15:27 2017

Ռուսական քաղաքական շրջանակներն ակտիվորեն քննարկում են Ռուսաստանի գալիք նախագահական ընտրություններում նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրման կամ ինքնառաջադրման հարցը (այստեղ այդքան էլ կարևոր չէ ձևաչափը): Ամեն ինչ, իհարկե, կախված է Պուտինի ցանկությունից, սակայն ասել, թե վերջինս ամեն գնով ցանկանում է իշխանություն պահպանել ու շարունակել իշխել, սխալ կլինի։ Ինչո՞ւ։ Մի քանի պատճառներով։

1. Պուտինի առաջադրումով Ռուսաստանի քաղաքական կյանքում պարզ է դառնում, որ գոնե առաջիկա հինգ տարիների ընթացքում երկիրը շարունակելու է արտաքին քաղաքական այն կուրսը, որը մինչ այժմ որդեգրել է։ Արևմուտքի հետ հարաբերությունները գնալով ավելի են խորանալու, եթե ֆորս մաժոր տեղի չունենա, փոխարենը Ռուսաստանը փորձելու է տարածաշրջանում նոր գործընկերներ փնտրել, նոր համագործակցության ձևաչափերով՝ ցանկանալով պահպանել Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում իր դիրքերը։ Դրա վառ օրինակը օրեցօր շատացող խոսակցություններ են՝ Թուրքիայի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու կապակցությամբ։
2. Տնտեսական վիճակ։ Վերջին տվյալների համաձայն՝ 2014 թվականի իրադարձություններից հետո ընդհանուր առմամբ ռուսական հզոր կորպորացիաները 600 միլիարդ դոլարի պարտք են կուտակել, որը գնալով շատանում է։ Այս գումարներն, իհարկե, պետությունը չի կարող փակել, որովհետև ի վիճակի չէ։ Երկար փողի համակարգի ներդրումը Ռուսաստանում երևի թե ավելի վատ է աշխատում, քան նույնիսկ հետսովետական որոշ երկրներում, ինչի մասին, ի դեպ, տարիներ շարունակ Պուտինին խորհուրդ էր տալիս կիրառել նրա ընկեր ու ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը։ Դրանք այժմ գումարվում են, ու դեռ հայտնի չէ, թե երբ կկարգավորվեն Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները։ Դրսի կազմակերպություններից ֆինանսավորում ստանալու համար Ռուսաստանն այժմ հնար չունի, զրկված է, հետևաբար արտաքին աշխարհից փող ուզելը կարող ենք բացառել։ Պուտինը ինչ-որ բան պետք է մտածի այս ուղղությամբ, որտեղ կոմպրոմիսի գնալը, ցավոք, գնալով ավելի քիչ հավանական է դառնում։
3. Մրցակիցների բացակայությունը։ Այս կետում նշենք ոչ միայն մրցակիցներին, այլ, առհասարակ, ռուսական քաղաքական կյանքի ճգնաժամի վերաբերյալ։ Թեպետ Պուտինի՝ իշխանության գալուց հետո երկրի մոնոլոիտ համակարգը գնալով ամրապնդվել է, սակայն մեկ բան է երիտաարդ Պուտինը, մեկ այլ բան՝ շուտով 65-ամյակը բոլորող մարդը, ով, բնական է, այն չէ, ինչ նախկինում էր։ Ռուսաստանում այսօր մեկ մարդ կարող է մրցակցել Պուտինի դեմ՝ Ալեքսեյ Նավալնին, ով, սակայն, անփորձ է, ու ում թույլ չեն տալիս մասնակցել քաղաքական պրոցեսներին։ Ասել է, թե դեռ անցնելու ճանապարհ ունի։ Մնացածը գործում են պաշտոնական Կրեմլի քաղաքական գծի տակ ու որպես այլընտրանք վաղուց լուրջ չեն ընկալվում միջազգային հանրության կողմից, թեպետ կայուն ընտրազանգված ունեն Ռուսաստանում։
4. Եվ, ի վերջո, տարիքը։ Ինչպես նշեցինք, շուտով, այն է՝ հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի նախագահը կբոլորի 65-ամյակը։ Նա բազմիցս է ակնարկել, որ երբեմն հոգնում է աշխատանքից ու մտածում է թոշակի գնալու մասին, սակայն պարզ է, որ երկրի համար այս ծանր իրավիճակում Պուտինը չի նահանջի։ Սակայն թե ինչ է լինելու դրանից հետո, բավականին մշուշոտ է։ Կրեմլում, իհարկե, կան մարդիկ, ովքեր կարող են նրան փոխարինել՝ ի դեմս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, սակայն կկարողանա՞ վերջինս պահպանել այն ներդաշնակությունը, որ պահպանում է Պուտինը Ռուսաստանի նման հսկա երկրում առկա տարբեր էթնոսների միջև, դժվար է ասել։

Ամեն դեպքում, մինչ ձմեռ արդեն հաստատ տեղեկատվություն կլինի՝ ի վերջո, առաջադրվում է համայն Ռուսիո առաջնորդը նորեն, թե ոչ։