Ինչով է տարբերվում Կարապետյանի կառավարությունը Աբրահամյանի եւ Սարգսյանի կառավարությունից


Ինչով է տարբերվում Կարապետյանի կառավարությունը Աբրահամյանի եւ Սարգսյանի կառավարությունից
Օգոստոս 31 13:45 2017

 Կառավարության այսօրվա նիստից հետո տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ըստ որի՝ 2012-2016 թվականներին տնտեսապես ակտիվ բնակչությունը երկու հարյուր հազարով կրճատվել է, իսկ զբաղվածների թիվը՝ 166 հազարով։

Լրագրողներից մեկի  հարցին, թե ինչպե՞ս է այս պայմաններում տնտեսական աճ ապահովվելու, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ դրանք տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են, և իրար փոխկապակցելը այդքան էլ ճիշտ չէ։

«Պարբերաբար, երբ հրապարակվում են մակրոտնտեսական ցուցանիշներ, մենք ուսումնասիրություն ենք կատարում: Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թե 2012-2016 թթ ընթացքում որքանով է կրճատվել բնակչության թիվը, այլ կոչ կանեմ անդրադառնալ նրան, ինչպես վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, և եթե մենք ուզում ենք խոսել տնտեսության և զարգացման ուղղությունների վերաբերյալ, մենք պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը»,-ասաց նա և նշեց, որ դա առաջին հերթին համախառն ներքին արդյունքի աճն է, արտահանման աճն է, արդյունաբերության աճն է և մյուս ցուցանիշներն են:

Սուրեն Կարայանը չհամաձայնեց այն պնդման հետ, որ քաղաքացին մեկ տարվա կառավարության գործունեությունից որևէ առաջընթաց չի նկատել:

«Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե այդ թվերը նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ էլ էին հրապարակվում, նախարարն արձագանքեց. «Բայց երբևէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի, դա է խոսում, որ տնտեսությունը զարգացել է»: