Մահացել է բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը


Մահացել է բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը
Հունվար 8 13:01 2017

68 տարեկանում մահացել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս, բանաստեղծուհի, լրագրող Անահիտ Բոստանջյանը: Այս մասին տեղեկանում ենք բանաստեղծուհու դստեր՝ Մարինա Բոստանջյանի ֆեյսբուքյան էջից:

Անահիտ Բոստանջյանը ծնվել է 1949 սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում:

1966 թվականին ավարտել է Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, 1972 թվականին՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1972-1975 թվականներին դասավանդել է Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում։

1975 թվականին վերադարձել է Թբիլիսի և Բենիկ Սեյրանյանի երաշխավորությամբ աշխատել Վրաստանի Գրողների միության «Մերանի» հրատարակչության նորաբաց հայերեն հրատարակությունների խմբագրությունում՝ նախ որպես սրբագրիչ, ապա՝ խմբագիր, հետո՝ ավագ խմբագիր։ Միաժամանակ դասավանդել է Թբիլիսիի Ալեքսանդր Պուշկինի անվան ինստիտուտի հայոց լեզվի ու գրականության ամբիոնում, ծավալել է լրագրողական ու թարգմանական գործունեություն։ 1988 թվականից ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն է։

1994 թվականից աշխատում է նաև հանրապետական «Վրաստան» թերթում՝ որպես թղթակից և բաժանորդագրության և տարածման բաժնի վարիչ, 2003 թվականից՝ ՀՀ Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչ։ 2007 թվականից «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ նախագահ: Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ է, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ (2012), Կալիֆորնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ (2016), Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ (2016)։

Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 10-ը բանաստեղծական ժողովածուների։ Թարգմանել է շուրջ 90 վրացի գրողների՝ Թամազ Ճիլաձե, Վաժա Փշավելա, Գրիգոլ Ռոբաքիձե, Ռեվազ Միշվելաձե, Արչիլ Սուլակաուրի, Գրիգոլ Աբաշիձե, Իրակլի Սամսոնաձե և այլք։ Հայերենիցվրացերեն է թարգմանել Սոնա Վանի, Օքրո Օքրոյանի, Վարդան Հակոբյանի, Ավիկ Դերենցի, Սամվել Մարգարյանի և այլոց երկերը։ Թարգմանում է նաև ռուսերենից։

Հեղինակ է հոդվածների, ակնարկների, ուսումնասիրությունների, մտահղացումների, գրքերի առաջաբանների ու ծրագրերի, այդ թվում՝ «Թարգմանական գրականության գրադարան», «Առաջին գրքի գրադարան» մատենաշարերի։ «Շեմ» երիտասարդական գրական ակումբի հիմնադիր նախագահն է։ Աջակցել է նաև վիրահայ օտարագիր գրողներին՝ թարգմանելով ու հայերեն հրատարակելով նրանց ստեղծագործությունները։

Հրատարակել է 500-ից ավելի գիրք՝ իր հրատարակչական գործունեության ընթացքում: Թարգմանվել է վրացերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն լեզուներով: