Իրանի գործողությունները սպառնում են աշխարհին. Նեթանյահու


Իրանի գործողությունները սպառնում են աշխարհին. Նեթանյահու
Օգոստոս 23 21:26 2017

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում Իրանի գործողությունները վտանգի տակ են դնում ոչ միայն Իսրայելի ու Մերձավոր Արևելքի անվտանգությունը, այլև ամբողջ աշխարհի: Ինչպես գրում է cursorinfo գործակալությունը, Նեթանյահուն շեշտել է, որ Իրանն այսօր մեծ ջանքեր է գործադրում Սիրիայում իր դիրքերն ամրապնդելու համար, ինչը վտանգավոր է ամբողջ աշխարհի համար: Ըստ նրա՝ Իրանն այսօր գտնվում է մի շարք երկրների վրա ազդեցության տարածման բարձր մակարդակի վրա. Իրանը կարողանում է որոշակի վերահսկողություն սահմանել Իրաքում, Եմենում, ինչպես նաև գործնականում ազդում է Լիբանանում զարգացող մի շարք իրադարձությունների վրա:

«Մենք համատեղ ջանքերով հաղթում ենք ԻՊ-ին, սակայն դրա բացասական կողմն այն է, որ որտեղ պարտության է մատնվում ու անհետանում ԻՊ-ը, այնտեղ մտնում է Իրանը: Մենք չենք կարող ոչ մի րոպե մոռանալ այն մասին, որ Իրանը սպառնում է Իսրայել պետության գոյությանը, զինում ահաբեկչական խմբավորումներին և նախաձեռնում ահաբեկչական ակտեր», - ասել է Իսրայելի վարչապետը Պուտինի հետ զրույցում: