Գարնան նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ոռոգման շրջանից անմիջապես հետո


Գարնան նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ոռոգման շրջանից անմիջապես հետո
Օգոստոս 23 18:58 2017

«Տարին սակավաջուր էր, խնդիրներ ունենք գրեթե բոլոր մարզերում։ Շատ տեղերում երաշտային է»,- այս մասին նշել է կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նաև ասել է՝ աննախադեպ շոգի ու ջրամբարների թերլցվածության պայմաններում աշխատանքը կրկնակի բարդանում է, այդ իսկ պատճառով ստիպված են եղել անցնել ջրաշրջանառության ռեժիմի։

 

Նա նշել է, որ ոռոգման շրջանին զուգահեռ՝ ոլորտի պատասխանատուներն սկսել են նաև գարնան նախապատրաստական աշխատանքները, որոնք ամբողջական թափով կմեկնարկեն հոկտեմբերին՝ ոռոգման շրջանի ավարտից անմիջապես հետո.

«Մեր այցելությունների նպատակը ոչ միայն ընթացիկ աշխատանքներին հետևելն է, խնդիրները գույքագրելը, դրանք տեղում տեսնելը, այլև հաջորդ տարի նմանատիպ խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ լուծումներ գտնելը: Արդեն իսկ վեր ենք հանել մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում»,- ասել է Ա. Հարությունյանը:

ՋՏՊԿ նախագահը նշել է, որ առաջին հերթին իրականացվելու են սելավատարերի մաքրման աշխատանքներ, որոնք, ի դեպ, արդեն իսկ մեկնարկել են: Օրինակ՝ Ապարանի ջրամբարը սնուցող սելավատարի մի զգալի հատված արդեն մաքրվել է հավաքված տիղմից և քարերից, մյուս հատվածներում՝ 12, 17 և 14 կմ երկարությամբ, աշխատանքները շարունակվում են առ այսօր: Բացի այդ, առաջիկա անելիքներից կլինի նաև Ազատի ջրամբարի անսարք ջրարգելակների վերանորոգումը, որը թույլ կտա խուսափել զգալի ջրակորուստից: