Դատարանը սանկցիա կիրառեց Լուսինե Սահակյանի նկատմամբ. փաստաբանները բոյկոտեցին նիստը եւ լքեցին նիստերի դահլիճը


Դատարանը սանկցիա կիրառեց Լուսինե Սահակյանի նկատմամբ. փաստաբանները բոյկոտեցին նիստը եւ լքեցին նիստերի դահլիճը
Օգոստոս 23 16:15 2017

«Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Առաքելյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ:

Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ պաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Փաստաբան Լուսինե Սահակյանը ցանկանում էր միջնորդություն ներկայացնել, սակայն դատարանը թույլ չէր տալիս՝ նշելով, որ փաստաբանը այս փուլում չի կարող միջնորդություններ ներկայացնել: Այդուհանդերձ, Լուսինե Սահակյանը նշեց, որ միջնորդություններ ներկայացնելու համար հատուկ փուլ նախատեսված չէ, որից հետո ցանկանավ ներկայացնել իր միջնորդությունը: Դատարանը նախ սանկցիա կիրառեց նախազգուշացման տեսքով, այնուհետեւ որոշում կայացրեց դիմել փաստաբանների պա;ատ:

Որոշման հրապարակումից հետո ամբաստանյալների փաստաբանները բոլորը լքեցին նիստերի դահլիճը՝ բոյկոտելով դատական նիստը:

Փաստաբանների խոսքով, դատավոր Արտուշ Գաբրիելյանը խախտում է դատավարական օրենսգիրքը եւ ակնհայտ անօրինական գործողություններ է անում նիստի ընթացքում:

Բանն այն է, որ այսօրվա նիստի ընթացքում Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանի շահերի պաշտպան ներգրավել հանրային պաշտպաններից Արմինե Ֆանյանին, որն այդ գործով պաշտպանում է ամբաստանյալներից Արմեն Բիլյանի շահերը: Արմինե Ֆանյանը դատարանում հայտարարեց, որ ինքը չի ցանկանում պաշտպանել Արեգ Կյուրեղյանի շահերը, քանի որ Արեգն իր պաշտպաններից չի հրաժարվել եւ չի ցանկանում նոր պաշտպան ունենալ:

Նշենք, որ պաշտպանները այդ հիմքով էին ցանկանում դատարանին միջնորդություն ներկայացնել, որն այդպես էլ չկարողացան ներկայացնել, քանի որ դատարանը թույլ չտվեց նրանց խոսել:

Դրանից հետո նրանք լքեցին նիստերի դահլիճը: