Գեղարքունիքի ոստիկանությունում հրեշավոր բաներ են կատարվում. Սեւանի բնակչին սպառնացել են «տրուբի նստեցնել»


Գեղարքունիքի ոստիկանությունում հրեշավոր բաներ են կատարվում. Սեւանի բնակչին սպառնացել են «տրուբի նստեցնել»
Օգոստոս 23 15:36 2017

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Սեւանի բնակիչ Սեւակ Ոսկանյանի դիմումը՝ ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Նա տեղեկացնում է, որ Ոսկանյանը այժմ թաքնվում է, եւ նրա հարազատները խնդրել են հրապարակել դիմումը։ Միաժամանակ Փաշինյանը հրավիրել է նաեւ ՀՀ Ոստիկանության ղեկավարության ուշադրությունը։ «Ինչպես իրենք են սիրում ասել՝ առեւերեւույթ Գեղարքունիքի ոստիկանությունում հրեշավոր բաներ են կատարվում», - նշում է Նիկոլ Փաշինյանն ու հավելում, որ դիմումը հրապարակում է հիմնականում առանց սխալների ուղղման՝ բնագրին հավատարիմ։

«Դիմում

Հայտնում եմ ձեզ, որ մի քանի օր առաջ, Սեւանի ոստիկանության աշխատող Վահագ Միքայելյանը 098-78-10-17 համարով ինձ զանգեց եւ ասաց՝ արի հանդիպենք: Ես եւ նա հանդիպեցինք, Վահագը ինձ ասաց որ քո հին ընկեր Հայկ Ավանեսյանը բռնվել է զգույշ եղիր, կարող է որ քեզ էլ մի բան լինի, ես քեզ խաբար կանեմ: Երկու, թե երեք օր անց, օգոստոսի 18-ին ժամը 10-ն անց 30-ի մոտ, արդեն ուրիշ համարով ինձ զանգեց Վահագը եւ ասեց արի հանդիպենք:

Պայմանավորվեցինք հանդիպել Սեւանի կայարանի շարժական գազալցակայանի մոտ: Ես հասա այնտեղ Վահագը չկար, հետ զանգեցի նրան, ասեցի ինչ եղար, նա էլ ասեց թե հեսա 3 րոպեից կգամ: Քիչ անց իմ մոտ կանգնեց մի սեւ գույնի մեքենա, որը քեմրի էր կոռոլա, մեջից իջան երկու հոգի, լրիվ սեւ հագնված եւ սեւ դիմակներով, միանգամից հարձակվեցին իմ վրա եւ հարվածեցին ուսերիս եւ ձեռնաշղթաներ դրեցին ձեռքերիս ու գլխիս հարվածելով գցեցին մեքենայի մեջ, հետո վիզս սեղմելով ներքեւ ծնկներիս մոտ, հայհոյանքներով ու վիրավորանքներով:

Ես ասեցի, ախպերներ ջան մի խփեք, թողեք շունչ քաշեմ, հասկանամ ինչ է կատարվում: Վարորդի կողքի նստածը շրջվեց ու ասաց ախպերով չխոսաս ու գլուխս իր ափերի մեջ վերցնելով սկսեց խփել իր նստարանի սպինկին, ինձ հարցնում էին՝ գիտես քեզ ինչի՞ համար են բռնել, ասում էի ինչի համար, ասեցին 5 հատ տրուպ կա վրեդ: Ամբողջ ճանապարհին խփում ու հայհոյում էին, ճանապարհին նրանք մեկի հետ խոսեցին ու ասացին՝ Առաքելյան ջան, հեսա կհասնենք:

Ինձ տարան Քյավառի վարչություն, կորացված վիճակում ինչ-որ աշխատասենյակ մտցրին, սկսեցին դիմակավորները խփել ինձ, ուսերիս, մեջքիս, ապտակում էին: Հետո ինձ նույն ձեւով կորացված տարան մի ուրիշ սենյակ, գլխիս հավաքվեց 5 կամ 6 հոգի ու սկսեցին հարցնել, թե գիտե՞ս ինչի ենք քեզ այստեղ բերել:

Ներկա գտնվողներից քաղաքացիական հագուստով մեկը ներկայացրեց՝ Առաքել, ասելով թե գիտե՞ս նա ով է, նա վարչության Առաքելյանն է, դաժե գողերին է նա պառկացնում, փչացնում ու շատ լուրջ գործեր բացում: Ես իրա համար ոչ մի բան եմ, ճիշտը պատմի Առաքելյանն ինձ ասեց։ Հիշի 2008-թ-ի մայիսը ու պատմի քո ընկեր Ռոմանի դեպքը:

Այսօր (…) նրան դանակահարել են: Ես ասացի, որ դրա հետ ես կապ չունեմ, ինձ նախկինում արդեն կանչել են քրեական քննիչի մոտ: Այդ պահին դիմակավորները հասան իմ վրա ու սկսեցին խփել, հայհոյել: Առաքելյանն ասաց՝ էսի մեզ լավ չի ճանաչում, հեսա մի էրկու ռաունդ տղերքը հետը կաշխատեն, վերջում էլ շլվարը կհանեն տրուբա կկոխենք քամակը, նոր կպատմի: Ես վախից արդեն ահավոր ճնշված էի, խնդրեցի որ ինձ Առաքելյանի հետ մենակ թողեն:

Բոլորը դուրս եկան, Առաքելյանը երդվեց իր հոր արեւով, որ Հայկը այս գործը վիզ է առել, ու քեզ էլ որպես կազմակերպիչ է ներկայացրել: Ասեցի Հայկը նման բան չէր կարող ասել, նման բան չկա: Առաքելյանը բորբոքվելով՝ ասաց հեսա դիմակավորները քամակդ տրուբա կմցնեն: Ես հոգեպես ճնշված, չգիտեի թե ինչ անեմ, ու շարունակում էր ճնշում գործել, թե Հայկը քո վրա գրել ա, դու խի չես ուզում մուռդ հանես։

Նա ասաց, քո հորեղբոր տղան Էդգարը, հենց նա է քեզ ծանոթացրել Հայկի հետ ու դուք միասին եք կատարել: Ես վախից ասեցի, որ ամեն ինչ արել է իմ հորեղբոր տղան, Հայկը կապ չունի: Այդպես ասացի քանի որ նա մահացած էր: Առաքելյանն ասաց, թե ուզում ես դուրսը լինես ու երեխուդ էլի տենաս, պիտի Հայկի անուննե էլ տաս, որ Հայկը բերդում իրա մումիան դնի:

Ես էլ մի տեղ վախից, մի տեղ նրա սուտ երդումներին հավատալով, ասացի, հա կանեմ: Ու սկսեց նա իր մտքերով պատմել ու շարադրել այդ մասին: Հետո վարչություն եկան Սեւանից 2 քննիչ՝ Պետրոսյանը եւ ոմն Հովո: Առաքելյանն ասեց նրանց, որ նա վիզ է վերցրել ու նրանց պատմում էր, թե ոնց ա եղել, ինձ էլ հարցնում էր, թե ճիշտ է թե չէ:

Դրանից հետո ինձ տարան Քյավառի բաժին, քննիչները իմ հետ չեն խոսել, քննիչ Հովոն կամպյուտերով հավաքեց Առաքելյանի պատմածը ու տպեց: Ցուցմունքի վերջում ես գրեցի որ ճիշտ է եւ ստորագրեցի: Հարգելի պարոն դատախազ, այդ ցուցմունքը ճիշտ չէ, ինձ ծեծի ենթարկելով շանտաժ, հոգեբանական ճնշում գործադրելով ցուցմունք են կորզել:

Ինձ ոստիկանությունում պահել են 10-ից 11-ժամ սոված, չեն թողել որեւէ մեկին զանգեմ, միայն քննության վերջում եմ զանգել քննիչի հեռախոսով: Այն էլ ցուցմունքի ընթացքում: Խնդրում եմ պատժել իմ նկատմամբ անօրինական գործողություններ կատարող բոլոր անձանց»:

Դիմող՝ Ոսկանյան