Ջերմուկ քաղաքի համար բժշկական ծառայության բարելավման առանձին ծրագիր կմշակվի


Ջերմուկ քաղաքի համար բժշկական ծառայության բարելավման առանձին ծրագիր կմշակվի
Օգոստոս 23 14:32 2017

Վայոց ձորի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն առաջարկել է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցերը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Լևոն Ալթունյանը կարևորել է բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումը և շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելը։ Ներկայացնելով մարզի առողջապահության ոլորտի հիմնախնդիրները` մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանն ընդգծել է, որ վճարովի ծառայությունների ցածր ցուցանիշը պայմանավորված է մարզի փոքրաթիվ բնակչությամբ։

Նա հավելել է, որ բնակչության 52%-ը պետական պատվերի շահառու է, իսկ վճարունակները գերադասում են բժշկական ծառայություներ ստանալ մայրաքաղաքում, քանի որ մարզի հիվանդանոցների տեխնիկական հագեցվածությունը բավարար չէ, կա նեղ մասնագետների պակաս: Նա նաև առաջարկել է ուժեղացնել ընտանեկան բժիշկների ինստիտուտը։ Ուշագրավ է, որ գրեթե բոլոր մարզերի առողջապահության կազմակերպիչները նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են 3-րդ խմբի հաշմանդամների համար բժշկական ծառայությունները դարձնել համավճարով, հաշվի առնելով, որ նրանք աշխատունակ են: Իհարկե, բացառելով ընտանեկան նպաստի շահառուներին։

Եղեգնաձորի և Վայքի բժշկական կենտրոնների, Ջերմուկի առողջության կենտրոնի ղեկավարներին նախարարը հորդորել է ներկայացնել իրենց տեսլականը պետական պատվերի կանոնակարգված ծախսերի (ներառելով դեղերի ձեռք բերումը), ինչպես նաև համավճար կիրառելու չափանիշների վերաբերյալ: Միաժամանակ, առաջարկել է օպտիմալացման ծրագրի մշակման գործընթացում համատեղ քննարկել բուժաշխատողների աշխատանքով ապահովման հարցերը: Հաշվի առնելով բարձրացված խնդիրները` Լևոն Ալթունյանն առանձին ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է շրջաբերական նամակով բժշկական կազմակերպությունների ղեկավարներին հիշեցնել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչները, այդ թվում` ծննդօգնության ծառայության շրջանակում հղիի կողմից բժշկական կազմակերպության ազատ ընտրությանը, ինչպես նաև հղիների ուղեգրման ընթացակարգին վերաբերող դրույթները: Նախարարն ընդգծել է, որ Ջերմուկը, որպես հանգստյան գոտի, առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ «Խնդիրն օրակարգում է, և դրան կանդրադառնանք տեղում»,-ասել է Լևոն Ալթունյանը` հավելելով, որ առողջարանային քաղաքն իր ուշադրության կենտրոնում է, և բժշկական ծառայության բարելավման առանձին ծրագիր կմշակվի:

Վայոց ձորի մարզի առողջապահության կազմակերպիչները նախարարի հետ հանդիպման էին եկել բարի լուրով։ Նախորդ օրը Վայքի բժշկական կենտրոնում կատարվել էր լեղապարկի լապարասկոպիկ առաջին վիրահատությունը։ Սարքը նվիրաբերել է «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը։