Կատալոնիայի ահաբեկչական խումբը պայթյուն էր ծրագրել Սագրադա Ֆամիլիայում. խմբի անդամներից մեկը հարցաքննվել է


Կատալոնիայի ահաբեկչական խումբը պայթյուն էր ծրագրել Սագրադա Ֆամիլիայում. խմբի անդամներից մեկը հարցաքննվել է
Օգոստոս 23 13:40 2017

Ահաբեկչական խումբը, որն օգոստոսի 17-ին Բարսելոնայում ու Կատալոնիայի այլ հատվածներում մի շարք ահաբեկչական հարձակումներ է իրագործել ու խլել, վերջին տվյալների համաձայն, 15 մարդու կյանք, ավելի լայնամասշտաբ գործողություններ էր ծրագրել՝ նպատակ ունենալով պայթյուն իրականացնել նաև հանրահայտ Սագրադա Ֆամիլիա տաճարում:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին ահաբեկչությունների գործով կասկածյալներից մեկը՝ Մոհամեդ Հուլի Չեմլալը, ասել է Մադրիդի դատարանում: Քսանմեկամյա կասկածյալը մանրամասնել է, որ հանրահայտ կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի կիսաշեն Սագրադա Ֆամիլիա տաճարն իրենց առաջնային թիրախներից էր, քանի որ այն միշտ մարդաշատ է:

Հյուսիսային Աֆրիկայից Իսպանիա ներգաղթած Չեմլալը դատավոր Ֆերնանդո Անդրոյի կողմից հարցաքննված 4 կասկածյալներից մեկն է: Նա ձերբակալվել է Ալկանարում կատարված պայթյունից հետո:

Կասկածյալների հարցաքննության ժամանակ իրավապահները փորձել են վերստեղծել Բարսելոնայի կենտրոնում վարձակալած միկրոավտոբուսով ամբոխի մեջ մխրճված ու 13 մարդու մահվան պատճառ դարձած Յունես Աբույաքուբի կյանքի վերջին մի քանի օրը: