Վիճաբանություն ու դանակահարություն Եղվարդում. Կասկածյալին շատ արագ գտել են


Վիճաբանություն ու դանակահարություն Եղվարդում. Կասկածյալին շատ արագ գտել են
Օգոստոս 23 13:06 2017

Օգոստոսի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել 32-ամյա Գրիգոր Գ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Թումանյանի բաժնի եւ ՀՀ ՔԿ ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող տան մոտ Գրիգոր Գ.-ն վեճի է բռնվել 28-ամյա Սարգիս Մ.-ի հետ, որի ընթացքում Սարգիս Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գրիգոր Գ.-ին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Սարգիս Մ.-ն հայտնաբերվել է Լոռու մարզի Ախթալա համայնքում եւ բերման ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:

Ըստ տուժողի հաղորդման՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 20.00-ից 21.00-ի սահմաններում, Սարգիս Մ.-ն վիճաբանության ժամանակ դանակով 2 անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, սակայն իրենից ոչինչ չի հափշտակել:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: