ՀՀ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 57 հոգանոց անձնակազմը Վրաստան է ուղևորվել՝ օգնելու անտառային հրդեհը հանգցնելուն


ՀՀ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 57 հոգանոց անձնակազմը Վրաստան է ուղևորվել՝ օգնելու անտառային հրդեհը հանգցնելուն
Օգոստոս 22 20:31 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից օգոստոսի 22-ին, ժամը 16.30-ին ՀՀ Վրաստան է ուղևորվել փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ: Այն կաջակցի Բորժոմիի մոտ անտառային հրդեհը հանգցնելու աշխատանքներին։
Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի «Խարագաուլի» ազգային արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտ): Նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք:
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի միջոցով (Virtual OSOCC ազդարարման համակարգ) Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:
ՀՀ Նախագահի հրահանգով և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարությունն արագ ձեռնամուխ եղավ հարևան Վրաստանին աջակցությունը կազմակերպելու գործընթացին՝ հաշվի առնելով հրդեհի տարածքում առկա կրակի օջախներին մոտենալու ցամաքային ուղիների առկայությունը»: