Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում


Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
Օգոստոս 22 17:55 2017

Վրաստանում օգոստոսի 22-ի առավոտյան վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Այսօր ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի, մոտ տեղի է ունեցել ավտովթար. «Mercedes» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 33-ամյա Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին:

Պատահարի հետեւանքով ուղեւորներ՝ 31-ամյա Մարիամ Աբրահամյանը, 26-ամյա Իրինա Ոսկանյանը, 57-ամյա Սոնյա Մաթեւոսյանը, 17-ամյա Սոֆյա Մանուկյանը, 65-ամյա Անդի Հակոբյանը եւ եւս մեկ ուղեւոր (ինքնությունը պարզել չի հաջողվել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց: