ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը միլիոնավոր ամերիկացիների հետ հետևել են արևի ամբողջական խավարմանը (լուսանկարներ)


ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը միլիոնավոր ամերիկացիների հետ հետևել են արևի ամբողջական խավարմանը (լուսանկարներ)
Օգոստոս 22 11:38 2017

Երեկ Միացյալ Նահանգների բնակիչներն ականատես են եղել արևի ամբողջական խավարման դիտարժան երևույթին, որն ուղիղ եթերով հեռարձակել են բազմաթիվ լրատվամիջոցներ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, անցած 99 տարվա ընթացքում սա ԱՄՆ տարածքում արևի առաջին ամբողջական խավարումն էր:

Հազվագյուտ բնական երևույթին հետևել են միլիոնավոր մարդիկ՝ այդ թվում նաև աստղերն ու ԱՄՆ նախագահական ընտանիքը՝ Դոնալդ և Մելանյա Թրամփները, որոնք կառավարության մի շարք անդամների հետ դուրս են եկել Սպիտակ տան պատշգամբ ու հատուկ ակնոցների միջոցով նայել արևի ու լուսնի էպիկական «հանդիպմանը»: Ի դեպ, նախագահը սկզբում հրաժարվել է խավարմանը նայել հատուկ ակնոցի միջոցով՝ նախընտրելով կկոցել աչքերը, բայց հետո տեղի է տվել ու օգնականից վերցրել ակնոցը:

Ընդհանուր առմամբ, խավարմանը հետևել են ԱՄՆ 14 նահանգի բնակիչները: Երևույթն ամենաառաջինը տեսանելի է եղել Օրեգոնի բնակիչների համար: Հաջորդ 90 րոպեի ընթացքում այն տեսանելի է դարձել ևս 13 նահանգի համար: Մինչդեռ մնացած 36 նահանգներում մարդիկ ականատես են եղել արևի մասնակի խավարմանը: