«Ֆրեսկո» փառատոնի համար Խարբերդի մանկատան սաները փոքրիկ խաչքարեր կպատրաստեն


«Ֆրեսկո» փառատոնի համար Խարբերդի մանկատան սաները փոքրիկ խաչքարեր կպատրաստեն
Օգոստոս 21 21:40 2017

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի կամավորները փառատոնի մեկնարկից առաջ սկսում են պատրաստել արդեն ավանդույթ դարձած հուշանվերներ: Փառատոնի նվիրյալ օգնական դարձած Խարբերդի մանկատան սաները, որոնք նաև պատրաստում են մրցանակները, կօգնեն նաև ֆրեսկոյի կամավորներին պատրաստել Ջուղայի խաչքարերի շուրջ երկու հազարի հասնող փոքրիկ նմուշները:
Ֆրեսկոյի այս փուլը ամենաոգեշնչողն է, քանի որ ստեղծվում է շփման մի հարթակ, որտեղ համախմբվում են հարյուրավոր տարբեր երիտասարդներ, և փառատոնը չսկսված արդեն իսկ մի նոր շունչ է ստանում:
Օգոստոսի 25- ին, ժամը 20:30 – ին Կարապի լճի տարածքում փառատոնի բացման ժամանակ խաչքարերը խորհրդավոր արարողությամբ կբաժանվեն հանդիսատեսին:
Ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ -ի պաշտոնական կայքը, գոյություն ունեն ավելիքան 50, 000 հայկական խաչքարեր, որոնց քանդակները նման չեն միմյանց և նույնիսկ հնարավոր չէ գտնել երկու միանման խաչքար։ Հին Ջուղայի գերեզմանատունը նշանավոր է եղել համաշխարհային մշակութային արժեքներ ունեցող խաչքարերով, որոնք 2005 թ դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով վերջնականապես ոչնչացվել են։ Այս արարողությունը միտք ունի ևս մեկ անգամ հիշեցնելու կրոնական և ազգային ատելության հետևանքով ողջ աշխարհին հասցված վնասները: