Ուզում եմ, որ հանձնվի ոստիկանությանը. Բարսելոնայի ահաբեկչի մայրը դիմել է որդուն


Ուզում եմ, որ հանձնվի ոստիկանությանը. Բարսելոնայի ահաբեկչի մայրը դիմել է  որդուն
Օգոստոս 21 17:35 2017

Օգոստոսի 17-ին Բարսելոնայի կենտրոնում կատարված ահաբեկչության 22-ամյա կասկածյալ մարոկկացի Յունես Աբույաքուբի մայրը կոչ է արել փախուստի մեջ գտնվող որդուն հանձնվել իրավապահներին: Այս մասին hայտնում է ria.ru-ն:

«Ուզում եմ, որ նա կանգ առնի, ուզում եմ, որ հանձնվի ոստիկանությանը: Կնախընտրեի, որ նա հայտնվեր բանտում և նույնիսկ սպանվեր, քան տեսնեի ուրիշ մարդկանց մահը»,- BFM TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հանու Ղանիմին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարձակալված Fiat-ը, որի ղեկին հավանաբար եղել է մարոկկացի Աբույաքուբը, Լաս Ռամբլաս փողոցում մխրճվել է ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք: Չի բացառվում, որ ահաբեկչությունից հետո Աբույաքուբը մեքենա է առևանգել, սպանել վարորդին ու վրաերթի ենթարկել ոստիկաններին:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Հիշեցնենք, որ  Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվել է 1 զոհի և մի քանի վիրավորի մասին: Ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել: