Կառավարությունում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմները


Կառավարությունում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմները
Օգոստոս 21 17:05 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր՝ օգոստոսի 21-ին, տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը:

Կառավարությունից  հայտնում են, որ այն մշակվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փորձագետների կողմից՝ Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պետության եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցության իրավական մեխանիզմներին եւ գործիքակազմին, հիմնական պայմաններին, ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքներին, առկա խնդիրներին, ներդրումային ռիսկերին եւ երաշխիքներին: Աշխատանքային խումբը մանրամասն ներկայացրել է նախագծի նպատակները, առաջարկվող քայլերն ու հնարավոր արդյունքները: Նշվել է, որ այն դառնալու է մեր երկրում պետություն-մասնավոր գործակցության ինստիտուցիոնալ հիմքը՝ համաձայն իրավական նոր մեխանիզմների ներդրման:

Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաեւ տարբեր առաջարկություններով: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է նախագիծը լրամշակել ՎԶԵԲ փորձագետների եւ կառավարության անդամների համատեղ աշխատանքի արդյունքում: