Քաղաքական աշունը թեժ կլինի՞


Քաղաքական աշունը թեժ կլինի՞
Օգոստոս 21 15:42 2017

Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին։ Խորհրդարանական ուժերը վերադառնում են արձակուրդից։ Քաղաքական ամառը որպես այդպիսին բավականին պասիվ էր։ Ի տարբերություն նախորդ ամառվա այս տարի Հայաստանում լուրջ իրադարձություններ ամառային ամիսներին չզարգացան, ինչն էլ ըստ երեւույթին հնարավորություն տվեց քաղաքական ուժերին վայելել ամառային հանգիստը։ Երկրի ղեկավարությունն էլ արձակուրդ մեկնեց։

Ինչպիսին կլինի քաղաքական աշունը։ Վերլուծություններն ու տեսակետներն այս առումով տարբեր են։ Քաղաքագետների մի ստվար զանգված կարծում է, որ ներքաղաքական կյանքում լուրջ վերադասավորումներ են սպասվում, կապված 2018 թվականի փոփոխություններով։ Մի մասն էլ այն կարծիքին է, որ փոփոխությունների մեկնարկը կտրվի հաջորդ տարվա սկզբից։

Այս օրերին մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ խորհրդարանական ԵԼՔ ընդդիմադիր դաշինքը պատրաստվում է աշնանային նստաշրջանում քննարկել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարցը։ Նկատենք, որ ԵԼՔ-ի երկու առաջնորդները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը դեռեւս ամիսներ առաջ էին խոսում դրա անհրաժեշտության մասին, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը դեռեւս պաշտոնական տեսակետ չի հայտնել։ ԵԼՔ-ից էլ հայտնում են, թե ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարցը ներառված է եղել դաշինքի նախընտրական շրջանում, որի տակ ստորագրել են երեք կուսակցությունների առաջնորդները։ Կլինի արդյո՞ք Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարցը ԱԺ աշնանային նստաշրջանում, եւ թե ինչ զարգացումներ կարող են լինել ցույց կտա ժամանակը։
Ինչ վերաբերում է ԱԺ աշնանային նստաշրջանին, ապա նշենք, որ մայիսին ձեւավորված խորհրդարանը ամառվա ընթացքում մի քանի արտահերթ նիստ հրավիրեց։

ԱԺ նորընտիր պատգամավորներից ոմանք հասցրեցին իրենց ձայնը լսելի դարձնել, մյուսների դեպքում նույն գործոնն էր, նրանք ներկա էին ստանում, եւ կոճակ սեղմողի դերում էին հանդես գալիս։ Խորհրդարանը շուտով կմեկնարկի իր աշխատանքները եւ օրենսդիրները ամառային ակտիվ հանգստից հետո վերադառնալով իրենց գործունեությանը թերեւս լավ հնարավորություն ունեն բարձրաձայնելու հասարակությանը հուզող խնդիրների մասին։

Armday.am