Սերժ Թանկյանի 50-ամյակն է


Սերժ Թանկյանի 50-ամյակն է
Օգոստոս 21 14:40 2017

Այսօր System of a Down ռոք խմբի ամերիկահայ առաջատար մեներգիչ Սերժ Թանկյանը դարձավ 50 տարեկան:

Թանկյանը 20-րդ դարի հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է․ ծնվել է օգոստոսի 21-ին 1967թ․ Բեյրութում, սակայն մեծացել է Լոս Անջելեսում՝ պատանի հասակում հաճախելով հայկական դպրոց։ Չնայած ապրել ու կայացել է հայրենիքից հեռու՝ ԱՄՆ-ում, նա իր ընտանիքի և հասարակական ակտիվության շնորհիվ շարունակում է ամուր կապված մնալ արմատներին։

Հպարտության առարկան

System of a Down ռոք խմբի համաշխարհային համբավը Թանկյանն ուղղել է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին։

Ստանձնելով հասարակական խնդիրների առաջամարտիկի դերը՝ Սերժ Թանկյանը Թոմ Մորելոյի հետ հիմնադրել է Axis Of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպությունը, որը պայքարում է սոցիալական անարդարությունների դեմ։

Նշանավոր մտքեր

-Ապրել ձևացնելը մեզ չի ապրեցնում:

-Քաղաքակրթությունը ձախողում է։ Պետք է մտածել, թե միասին ինչ կարող ենք անել՝ սիրով և խաղաղությամբ:

-Հեթանոսների դեմ սկզբից պայքարում էինք կրոնի անունից, ապա՝ կոմունիզմի, իսկ այժմ՝ թմրանյութերի և ահաբեկչության։ Համաշխարհային գերիշխանության ճանապարհին մեր պատճառները շարունակ փոփոխվում են։

-Ինչ-որ տեղ դա մեր ուժեղ կողմն էր, բայց սա նաև երաժշտության դինամիկայի տարբերվող ընկալում էր, և ռիթմերի ու մեղեդիների այնպիսի ընտրություն, որն անսովոր էր ոչ հայի ականջին։

-Երկրները մարդկանց նման են։ Երբ հասկանում ես պետությունների փոխհարաբերությունները, պարզ է դառնում, թե արտաքին քաղաքականության մեջ շատ բաներ ինչու են կատարվում խիստ որոշակի կերպով։ Իսկ տարբերությունը մարդկանցից այն է, որ մենք հավաքականորեն ներկայացված ենք այլոց կողմից, իսկ մեր շահերի մասին վերջիններիս ընկալումները կարող են և չհամընկնել մեր իրական շահերին։ Վտանգը սա է. նույնիսկ ժողովրդավարության դեպքում։

-Սոցիալական անարդարության դեմ պիտի դուրս գան բոլորը, այլ ոչ միայն երգիչները։ Լրագրողն ու բանվորը նույնքան պարտավորություն ունեն, որքան և արվեստի գործիչը։

-Երբեմն մեկ լավ սիրային երգը կարող է փոխել աշխարհն ու ստեղծել ավելի շատ դրական էներգիա, քան ցանկացած քաղաքական երգ։

-Կյանքը տարաբնույթ հեգնանքների միջև ընկած նուրբ սահմանն է։

Այլոց բնորոշումները

«Թանկյանը պայծառ, ռասպուտինանման մի կերպար է՝ վառվռուն հայացքով ու բացառիկ ձայնով, ինչն օգնել է System of a Down-ին դառնալու Լոս Անջելեսի կարևորագույն ռոք բենդերից մեկը։ Իսկ երաժշտությունից բացի, նա հասարակական խնդիրների եռանդուն առաջամարտիկ է՝ Հայոց ցեղասպանության վրա հատուկ շեշտադրմամբ»,- գրել է The Los Angeles Times-ը:

Կալիֆորնիայի փոխնահանգապետ Գևին Նյուսոմը Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ եղած ժամանակ 2007 թ. հոկտեմբերի 28-ը հռչակել է «Սերժ Թանկյանի օր» ոչ թե նրա երաժշտության, այլ` սոցիալական արդարության համար մղած պայքարի։