ԱՄՆ-ն դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանում


ԱՄՆ-ն դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանում
Օգոստոս 21 13:25 2017

ԱՄՆ-ն 2017 թվականի օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Դա բացատրվում է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվաքանակի կրճատման վերաբերյալ ռուսական իշխանությունների որոշմամբ, ասված է դեսպանատան հաղորդագրությունում:

Ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգը կվերականգնվի, բայց զգալիորեն կրճատված ծավալով՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 1-ից:

Ոչ ներգաղթային վիզաները թույլ են տալիս ժամանակավորապես գտնվել Միացյալ Նահանգների տարածքում: Այդ փաստաթղթերի մեջ են մտնում մասնավորապես զբոսաշրջային, գործնական և կրթական այցելությունների համար վիզաները:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր երկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թվաքանակի կրճատման անհրաժեշտության մասին: Ըստ նրա՝ ռուսական և ամերիկյան կողմերի դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների թիվը պետք է հավասարեցնել՝ ամեն կողմից թողնելով 455 դիվանագետ: Այսպիսով՝ ամերիկյան պատվիրակության 755 աշխատակից պետք է դադարեցնի իր աշխատանքն ու վերադառնա ԱՄՆ: