Պեկինի սաֆարի պարկում արջը զբոսաշրջիկի վրա է հարձակվել


Պեկինի սաֆարի պարկում արջը զբոսաշրջիկի վրա է հարձակվել
Օգոստոս 21 13:21 2017

Պեկինի սաֆարի պարկում արջը տղամարդու վրա է հարձակվել, որը փորձել է ավտոմեքենայի պատուհանից նրան կերակրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ Պեկինից ոչ հեռու Բադալին վայրի բնության պարկում: Չենը ընկերոջ հետ պարկի տարածքում է եղել սեփական ավտոմեքենայով: Երբ տղամարդիկ հասել են հանգստյան գոտուն, տեսել են, որ շատ զբոսաշրջիկներ ավտոմեքենաներից դուրս են եկել կենդանիների համար կերակուր գնելու համար: Չենը որոշել է ինքն էլ հաց գնել, եւ ընկերոջ հետ ուղեւորվել է արջերի գոտի: Չնայած պարկի աշխատակիցները այցելուներին համառորեն խնդրել են վայրի կենդանիներով գոտիներում ավտոմեքենաների ապակիները չիջեցնել, Չենը տեսնելով, որ մյուս զբոսաշրջիկները կենդանիներին կերակրում են, եւ սարսափելի ոչինչ տեղի չի ունենում, նույնպես բացել է պատուհանը ապակին մի փոքր իջեցրել է եւ սնունդը կենդանուն է մեկնել: Արջերից մեկը այն վերցրել է, սակայն այդ պահին մոտ վազած մյուս արջը փորձել է գլուխը բաց պատուհանից ներս մտցնել:

Տղամարդն ամբողջ ուժով կոճակը սեղմել է ապակին բարձրացնելու համար, սակայն հակասեղմման գործառույթի գործարկման հետեւանքով ապակին ամբողջովին իջել է: Չնայած նա մի քանի անգամ կոճակը սեղմել է, ոչ մի ռեակցիա չի հետեւել: Այդ ժամանակ արջը բռնել է նրա ձախ թեւը:

Արջի հարձակումը ետ մղելուց հետո Չենը մեքենան կանգնեցրել է, պատուհանը փակել եւ սպասել պարկի աշխատակիցներին: Տղամարդու խոսքով՝ իրեն օգնություն ցույց տալու փոխարեն, ժամանողները սկսել են «դասեր տալ եւ քննադատել», ապա խորհուրդ են տվել ինքնուրույն դիմել հիվանդանոց: