Դամասկոսում հարձակում է իրականացվել միջազգային ցուցահանդեսի վրա, որին ներկայացված է նաև հայկական տաղավարը. կա 4 զոհ


Դամասկոսում հարձակում է իրականացվել միջազգային ցուցահանդեսի վրա, որին ներկայացված է նաև հայկական տաղավարը. կա 4 զոհ
Օգոստոս 20 17:38 2017

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հրաձգության է ենթարկվել միջազգային ցուցահանդեսի անցկացման տարածքը, ինչի հետևանքով մահացել է 4 և տուժել առնվազն 4 մարդ: Այս մասին հայտնում է Youm 7 հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ցուցահանդեսի մասնակիցների վրա հրթիռային արկ է ընկել:

Նշվում է, որ ցուցահանդեսին ներկա է 43 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևրտաարդյունաբերական պալատի և Սիրիա-հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։

Տաղավարի այցելուներին ներկայացվում է ՀՀ տնտեսությունը և զարգացման հեռանկարները, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաև տրամադրվում տեղեկատվություն հիմնական արտադրողների, այդ թվում սննդամթերքի և ջրի, քարի արդյունահանման և վերամշակման, ոսկերչության և բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում աշխատող ընկերությունների մասին։