Էրդողանը խոսել է մահապատժի օրենքի ու Սևրի պայմանագրի մասին


Էրդողանը խոսել է մահապատժի օրենքի ու Սևրի պայմանագրի մասին
Օգոստոս 20 16:18 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով երկրում մահապատժի օրենքի վերականգնման մասին, հայտարարել է, որ իրենց չի հուզում եվրոպացիների կարծիքն այդ մասին, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:

«Ասում են, թե դռները կփակեն մեր առաջ, թող փակեն, մեզ մեր դռներն էլ են բավական: Ախ, խղճուկներ: Ես չեմ նայելու Հանսն ու Ջորջն ինչ են ասում, ես նայելու եմ, թե ինչ է ասում իմ ժողովուրդը, իմ եղբայրները: Մեզ այսօր մի շարք խնդիրների առաջ են կանգնեցրել, որովհետև մենք ամեն ինչին չենք համաձայնում, ինչպես Սևրի պայմանագրի ժամանակ»,-ասել է Էրդողանը:

Նշենք, որ Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։

Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և դրա շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի և Էգեյան ծովի կղզիների նկատմամբ, ինչպես նաև Կիպրոսից, Եգիպտոսից և մյուս արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։

Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը: Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար կմ2։

Սակայն Թուրքիայում սկսված քեմալիստական ազգայնական շարժումը մերժեց այս պայմանագիրն ու ավելի ուշ ամրագրեց իր սահմանները Լոզանի պայմանագրի միջոցով՝ վերականգնելով իր ազդեցությունը Թրակիայի, Իզմիրի, Տրապիզոնի, Էրզրումի ու մի շարք այլ տարածքների նկատմամբ: